Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է Երևանի Փոքր կենտրոնի բնակիչներից Ժիրայր Ավանյանին, Վարդան Գաբրիելյանին և Հարություն Սերոբյանին, ինչպես նաև նրանց փաստաբաններ Ալինա Ավետիսյանին և Նելլի Պապյանին, որոնք նեգրավված են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերություններում:
Նախարար Բադասյանը կարևորել է խնդրի լուծման արդյունավետ եղանակ գտնելու անհրաժեշտությունը, հակիրճ անդրադարձել ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 9-ի համապատասխան որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին, լսել բնակիչների և փաստաբանների մտահոգություններն ու քննարկել իրավական այն ուղիները, որոնք կհանգեցնեն խնդրի լուծմանը։
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով գույքի օտարման գործընթացներում 2008 թվականից ծագած խնդիրները և հանգուցալուծմանն ուղղված իրենց դիրքորոշումները։
Նախարարությունը կշարունակի խնդրի ուսումնասիրությունը։