Ռազմական դրությունը հանելու հարցն ԱԺ-ում երրորդ անգամ է. մեկ անգամ «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնությամբ արտահերթ նիստում քննարկեցին, այսօր էլ արդեն երկրորդ անգամ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն է անդրադառնում հարցին: Նախաձեռնությունը խորհրդարանական ընդդիմությանն է, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը պնդում է՝ ռազմական դրությունը վերացնելն անհրաժեշտություն է, խոչընդոտում է քաղաքական զարգացումներին:
Արման Աբովյան, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր - Կոչ եմ անում ընդունել նախագիծը, լիագումար նիստին քննարկել և ռազմական դրությունը հանել:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարծում է, որ ռազմական դրությունը ոչ մի գործընթացի էլ չի խանգարում: Հավաքներ անցկացնելու արգելքը Կառավարության որոշմամբ դեռ դեկտեմբերի 2-ին վերացվեց:
Էդմոն Մարուքյանը, մինչդեռ, հիշեցնում է ՏԻՄ ընտրություններ անցկացնելու սահմանափակումը և պնդում՝ մոտ կես տարի տևող ռազմական դրությունը քաղաքական նպատակ ունի:
Էդմոն Մարուքյան, ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար - Քաղաքական նպատակը հետևյալն է՝ խորհրդարանում թույլ չտալ իմփիչմենթի հարցի նախաձեռնում և թույլ չտալ ՏԻՄ ընտրություններ:
«Իմ քայլից» Արմեն Խաչատրյանն է հակադարձում. եռակողմ հայտարարությունից հետո շարունակվող ռազմական դրությունը պայմանավորված է սահմանային բազմաթիվ խնդիրներով ու բանակի վերակազմավորման գործընթացներով: Խաչատրյանն ընդգծում է՝ տարածաշրջանում իրավիճակը լարված է. Ադրբեջանում զորավարժություններ են, Հայաստանում ևս մեկնարկում են լայնամասշտաբ մարտական վարժանքներ:
Նախագիծը դրվեց քվեարկության և մերժվեց: Հանձնաժողովը դեմ քվեարկեց նաև չօգտագործված արձակուրդների դիմաց զինվորականներին փոխհատուցում տալու «Լուսավոր Հայաստանի» նախագծին: 2018-ին ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել օրենսդրական կարգավորումը, ըստ որի չօգտագործված արձակուրդը տրամադրվում է միայն վերջին երկու տարիների համար: Պաշտպանության փոխնախարարը մերժումը բացատրեց հանգամանքով, որ իրենք այժմ բարեփոխումների ընդհանուր փաթեթի վրա են աշխատում, դրվագային լուծումներն այս պահին տեղին չեն:
Արման Սարգսյան. Պաշտպանության փոխնախարար - Վերջնական որոշում կայացնելու համար պետք է լինի վերլուծություն և թվային տվյալներ:
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ կմտնի «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած մեկ այլ օրենքի նախագիծ: Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության սահմանային տարիքը 45-ից դարձնել 63: