Սիրիայում պատերազմը սկսվեց 2011-ի մարտի 15-ին: Տասը տարի անց հնարավո՞ր է արդյոք ասել, որ այն ավարտված է: Ոչ երկրի ղեկավարությունը, ոչ միջազգային հանրությունը հարցի պատասխանը չունեն: ՄԱԿ-ն էլ ողբերգությունը թվերով է ներկայացրել, այսպես՝ 2011-ից ի վեր 1.5 միլիոն սիրիացի հաշմանդամ է դարձել: 10 տարի յուրաքանչյուր 8 ժամում Սիրիայում մեկ երեխա է զոհվել կամ վիրավորվել: Երբեմն նույնիսկ նրանցից երեքը՝ մեկ ընտանիքից:
Աբդել Ռազակ ալ Խաթուն- Ես կորցրի երեք երեխայիս ու սկսեցի մի գյուղից մյուսը գնալ, մինչև հասա Սարաքիբ: Դրանից առաջ կորցրել էի 7 երեխայիս և կնոջս: Ես ֆերմեր էի, հիմա մի գրոշ անգամ չունեմ: Բայց էլի շնորհակալ եմ Աստծուն:
Պատերազմի ընթացքում զոհվել է 57.000 զինվոր: Եվս 67500 սպանված՝ հակակառավարական ճամբարում, այդ թվում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Ընդհանուր զոհերի թիվը՝ ներառյալ խաղաղ բնակչությանը, 387.000 է:
Անտոնիու Գուտերեշ- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար- Տասը տարի աշխարհը նայում էր, թե ինչպես է Սիրիան գալարվում արյան և ավերածությունների մեջ: Երկրում ապրող երեխաների գրեթե կեսը ոչ մի օր չի ապրել առանց պատերազմի: Այս պահին սիրիացիների 60 տոկոսը սովի սպառնալիքի առաջ է:
Այս ընթացքում Սիրիան լքել է 6.5 միլիոնից ավելի մարդ:
Հռոմի պապ- Տասը տարի առաջ սկսվեց մի արյունալի պատերազմ Սիրիայում, որ հանգեցրեց մեր ժամանակների ամենալուրջ հումանիտար աղետի: Եկեք աղոթենք մեր սիրելի Սիրիայի համար: