«Չինական ընկերությունները կապ են պահպանում Ղրիմի հետ և համագործակցում են շուկայի սկզբունքներին համապատասխան: Առևտրի ոլորտում այս փոխգործակցությունը չի կարող քաղաքականացվել»,- ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչը:
Այս կերպ Պեկինը պատասխանել է Կիևի քննադատությանը Ղրիմ չինական պատվիրակության այցին՝ հայտնում է ТАСС-ը:
Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմության պլատֆորմ հանուն կյանքի» կուսակցության խմբակցությունից Վադիմ Ռաբինովիչն էլ ենթադրում է, որ Պեկինն այս քայլով իր դժգոհությունն է հայտնում Motor Sich ինքնաթիռի շարժիչի գործարանը ազգայնացնելու Կիևի որոշմանը, քանի որ այն, փաստորեն, խլվում է Skyrizon Aircraft Holdings չինական ընկերությունից և նրա գործընկերներից:
Motor Sich-ը ավիացիայի համար շարժիչներ և արդյունաբերական գազատուրբինային սարքեր արտադրող աշխարհի խոշորագույն ձեռնարկություններից մեկն է: Չինացիներն այստեղ ներդրումներ են կատարում 2016 թվականից: Այժմ փաստացի նրանց է պատկանում ընկերության բաժնետոմսերի 75 տոկոսը, սակայն գործարքը պաշտոնապես ձևակերպված չէ, և Կիևն այն արգելափակել է: Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կասկածել է, որ չինացիների իրական նպատակը ոչ թե գործարանը զարգացնելն է, այլ դրա տեխնոլոգիաների և հզորության արտահանումն իրենց երկիր: