Իսլամական ծայրահեղականության և փարաջայի դեմ պայքարում է նաև Շրի Լանկան, որտեղ 22 միլիոն բնակչության 70 տոկոսից ավելին բուդդայականներ են, մոտ 9 տոկոսը՝ մուսուլմաններ, հինդուիզմ դավանող թամիլների էթնիկ փոքրամասնությունը կազմում է 15 տոկոս՝ գրում է euronews-ը:
Այնտեղի իշխանությունները մտադիր են արգելել փարաջա կրելը և փակել ավելի քան հազար մահմեդական դպրոց:
Երկրի հանրային անվտանգության նախարարը պարզաբանել է, որ փակվելու ենթակա մահմեդական դպրոցները չեն հետևում ազգային կրթական քաղաքականությանը: Իսկ փարաջան ծայրահեղականության դրսևորում է և վերջերս է հայտնվել Շրի Լանկայի մահմեդական հասարակության շրջանում:
2019 թվականի ապրիլին երկրում ժամանակավորապես արգելվեց փարաջա կրելը: Այդ ժամանակ իսլամիստներն իրականացրին 9 պայթյուն երեք կաթոլիկ եկեղեցում և չորս հյուրանոցում, որոնց հետևանքով զոհվեց ավելի քան 250 մարդ և վիրավորվեց 500-ը: