Մարտի 15-ին կայացավ Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանություն» (EU4Sevan) ծրագրի առցանց մեկնարկը, որին ներկա էին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Միխայել Յոհաննես Բանցհաֆը:
Ծրագիրն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ)-ի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից:
EU4SEVAN ծրագրի նպատակն է բարելավել Սևանա լճի ջրահավաք ավազանի ջրի մշտադիտարկման և կառավարման, ինչպես նաև կեղտաջրերի մաքրմանն ուղղված լուծումների ներդրման կարողությունների հզորացումը պետական և մասնավոր շահառուների շրջանում: Ծրագիրը նաև կաջակցի էկոհամակարգի համար բարենպաստ և ջուր խնայող հողօգտագործման ու մշակման կարողությունների բարելավմանը: Նախատեսվում է բարձրացնել Սևանա լճի պաշտպանության վերաբերյալ իրազեկումն ու տեղեկատվության հասանելիությունը ավազանին կից համայնքներում: Հայաստանում Սևանա լճի էկոհամակարգի կառավարման բաղադրիչը կիրականացվի ՄԱԶԾ-ի հետ համատեղ:
Բացման խոսքով հանդես է եկել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
Ռոմանոս Պետրոսյանն իր ողջույնի խոսքում պատրաստակամություն է հայտնել աջակցել ծրագրի հետագա գործունեությանը և միջոցառումներին՝ որպես ծրագրի հուսալի գործընկեր:
Նախարարն իր երախտագիտությունն է հայտնել Սևանա լճի հիմնախնդիրների կարգավորման նպատակով իրականացվող գործողությունների և ներդրված ջանքերի համար:
Դեսպան Վիկտորինը ողջույնի իր խոսքում նշել է. «Թեև մեր ջանքերի առանցքում Հայաստանում COVID-19-ի և հետպատերազմյան ճգնաժամերի հաղթահարումն է, կլիմայի փոփոխությունը, կենսաբազմազանության կորուստը, ռեսուրսների անխնա օգտագործումը և աղտոտումը նույնպես կենսական և համաշխարհային արտակարգ իրավիճակներ են, որոնք ազդում են ինչպես ԵՄ-ի, այնպես էլ Հայաստանի վրա և առավել արդիական են, քան երբևէ: Հետևաբար, ՀԸԳՀ-ի (CEPA) լիարժեք իրականացումը, Կայուն զարգացման 2030-ի օրակարգը, «Կլիմայի փոփոխության մասին» Փարիզի համաձայնագիրը և միջազգայնորեն համաձայնեցված կենսաբազմազանության բոլոր նպատակները շարունակում են կարևոր մնալ` օգնելու Հայաստանին և համայն հայությանը ավելի լավ վերազինվել ընդդեմ ապագա համակարգային ցնցումների: Եվրոպայի «կանաչ գործարքը» և դրա կանաչ վերականգնման բաղադրիչը ԵՄ-Հայաստան և Արևելյան գործընկերության օրակարգերի հիմնական գերակայություններն են: «Եվրամիությունը՝ Սևանի համար» խորագրով նոր գործընկերությունը մեկ անգամ ևս ցույց է տալիս ԵՄ-Հայաստան խորին ներգրավվածությունը յուրօրինակ Սևանա լճի շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Եկե՛ք միասին հոգ տանենք Սևանա լճի կայունության մասին»: