«Հայաստանի զարգացման հիմնադրամի» ֆինանսական միջոցների հաշվին «Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի թանգարանացման և հարակից տարածքների բարեկարգում» ծրագրի շրջանակում 2016 թ. մշակվել և ՀՀ մշակույթի նախարարության (այժմ` ԿԳՄՍ նախարարություն) համաձայնեցմանն են ներկայացվել Դվին մայրաքաղաքի հարավային մուտքի բարեկարգման, նոր ցանկապատի և մուտքային դարպասի նախագծանախահաշվային փաստաթղթերը, իսկ 2016-2017 թթ. նույն ծրագրի շրջանակում՝ նաև Սբ Գրիգոր կաթողիկե եկեղեցու, կաթողիկոսական առաջին և երկրորդ պալատների, միանավ եկեղեցու ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը, որոնք համաձայնեցվել են լիազոր մարմնի կողմից:
ՀՀ վարչապետի 2019 թ. նոյեմբերի 4-ի որոշմամբ ստեղծվել է Համաշխարհային բանկի վարկային ֆինանսավորմամբ իրականացվող տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման վարկային ծրագրի կառավարման կոմիտեն (նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության անդամակցությամբ), որը դրական որոշում է կայացրել նշյալ հուշարձանի ամրակայման և վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ: Նշյալ աշխատանքները կատարվում են լիազոր մարմնի հսկողությամբ:
Դվինում առաջին պեղումներն իրականացրել է Ն. Մառը դեռևս 1899 թ., այնուհետև դրանք կրել են պարբերական բնույթ (1907-1908 թթ., 1936-1939 թթ., 1946-1976 թթ․, 1977-2010 թթ.): 2019 թվականից Դվին մայրաքաղաքի պեղումների արշավախումբը գլխավորում է պ.գ.դ., պրոֆեսոր Հ. Պետրոսյանը, անդամներ՝ Ն. Հակոբյան, Ֆ. Բաբայան, Ա. Ժամկոչյան, Գ. Քոչարյան, Կ. Ղաֆադարյան (ճարտարապետ), Ա. Մարտիրոսյան:
Պատմական Դվին մայրաքաղաքը (7-րդ մայրաքաղաքը) 4-րդ դ. կեսերին հիմնադրվել է հայոց արքա Խոսրով Կոտակի կողմից: Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են ՀՀ Արարատի մարզի Հնաբերդ համայնքի վարչական տարածքում՝ Երևանից 30 կմ հեռավորության վրա: Մայրաքաղաքը 13-րդ դարում վերջնականապես անկում է ապրել արաբական, ապա՝ մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով: