Հայաստանի հունահռոմեական և ազատ ոճի հավաքականներից 4-ական ըմբիշ մարտի 18-21-ը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կպայքարի Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:
Հունահռոմեականներից Բուդապեշտ են մեկնելու Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ), իսկ ազատոճայիններից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ)։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանի խոսքով՝ սպասելիքները մեծ են. «Բնականաբար, տևական մրցումային դադարն իր բացասական ազդեցությունն է ունեցել տղաների սպորտային որակների վրա: Գրեթե մեկ տարվա բացը փորձել ենք լրացնել Աշխարհի գավաթի անհատական խաղարկության, Հայաստանի առաջնության և Կիևի միջազգային մրցաշարի միջոցով՝ ըմբիշներին հնարավորինս վերադարձնելով նախկին մարզավիճակին: Տղաներից մեծ սպասելիքներ ունենք, որևէ մեկին առանձնացնել չեմ ցանկանում. վստահ եմ՝ բոլորն էլ ջանք չեն խնայելու»:
Ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը դեռևս չունի Օլիմպիական խաղերի ուղեգիր: Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի խոսքով՝ այժմ տղաները մարտական են տրամադրված և պատրաստ են Տոկիոյի ուղեգրերի համար պայքարին. «Երկար ենք պատրաստվել այս մրցաշարին: Վերջին առաջնությունները և հավաքները ցույց տվեցին, որ տղաները պատրաստ են։ Բոլորից էլ ակնկալիքները մեծ են, բայց Արսենի և Վազգենի հնարավորությունները փոքր-ինչ ավելի մեծ են, քանի որ նրանք միջազգային մրցաշարերում արդեն ապացուցել են իրենց բարձր կարգը»:
Տոկիոյում կայանալիք Օլիմպիական խաղերի համար եվրոպական վարկանիշային մրցաշարին մասնակցելու է 35 երկրի 280 ըմբիշ, ուղեգիր են նվաճելու միայն եզրափակիչ դուրս եկած մարզիկները: Եվս մեկ վարկանիշային մրցաշար նախատեսված է մայիսի 6-9-ն անցկացնել Սոֆիայում (Բուլղարիա)։
Հիշեցնենք, որ այժմ հայ ըմբիշներից Օլիմպիական խաղերի ուղեգրեր ունեն միայն Արթուր Ալեքսանյանը և Կարապետ Չալյանը: