Հայ ռազմագերիների մասին Բաքվի պնդումներն իրավական հիմք չունեն: Արտակ Զեյնալյանը վստահ է՝ քաղաքական հայտարարություն է: Ադրբեջանում պահվող անձանց դիվերսանտ կամ հանցագործ ներկայացնելու վերաբերյալ Ալիևի հայտարարությանը հաջորդեց արտգործնախարար Բայրամովի նույն պնդումը, թե արդեն բոլոր գերիներին վերադարձրել են հայկական կողմին:
Արտակ Զեյնալյան, ՄԻԵԴ-ում գերիների շահերի ներկայացուցիչ - Դա պատանդառություն է՝ այլ կերպ ասած: Պատանդի կարգավիճակ ունեն, իսկ պատանդ վերցնում են ինչ-որ բան շորթելու համար:
Ադրբեջանն իրեն հակասում է՝ գերեվարված միևնույն խմբի մի մասին վերադարձնելով, մյուս մասին անվանելով ահաբեկիչ: Բազմիցս է հայտարարվել՝ հակամարտության ընթացքում ձերբակալված անձինք գերի են, և Ժնևի կոնվենցիայով պետք է վերադարձվեն: Զեյնալյանի խոսքով՝ հայկական կողմն օգտագործում է իրավական պաշտպանության միջազգային մեխանիզմները՝ դրան հասնելու համար:
Արտակ Զեյնալյան - Այս պահի դրությամբ պաշտպանում ենք 115 ենթադրյալ գերեվարված անձի շահ Եվրոպական դատարանում: Նրանց վերաբերյալ կա հրատապ միջոց կիրառելու որոշում:
115 անձանցից, որոնց գործերը քննվում են Եվրադատարանում, մոտ 20-ը Հայաստան է վերադարձել, մյուսների գործով վեճը շարունակվում է: Անձանց մի մասի՝ իրենց մոտ գտնվելու հանգամանքը Բաքուն հաստատում է, մյուսների վերաբերյալ տալիս խուսափողական տեղեկատվություն: Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ ստույգ թիվ կարող է իմանալ միայն Ադրբեջանը: Գերիների վերաբերյալ ՄԻԵԴ դիմում են ներկայացրել նաև Կառավարությունը, այլ իրավաբաններ:
Արտակ Զեյնալյան - Պարտավոր էր անմիջապես ծանուցեր հայկական կողմին մարտական գործողություններից հետո և հաշտության կամ հրադադարի հայտարարության մյուս կողմին՝ Ռուսաստանին, ԵԽ-ին, որոնք առնչություն ունեն փոխհարաբերություններին:
Բաքուն ոչ միայն չի արել, ավելին՝ անգամ անձանց իրենց մոտ գտնվելու փաստը հաստատելուց հետո հրաժարվել է տրամադրել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին լիարժեք տեղեկատվություն: Եվրոպական դատարանը մարտի 9-ին որոշել է ծանուցել Նախարարների կոմիտեին, որ որպես վճիռների կատարման հսկողության մարմին պարտադրի Ադրբեջանին կատարել Եվրադատարանի որոշումները:
Արտակ Զեյնալյան - Ցավոք, մեր կողմից շատ հավաստի գերության մեջ գտնված անձինք, ովքեր ողջ են եղել, սպանվել են ադրբեջանական գործակալների կողմից, և նրանց դիակները վերադարձվել են:
ՄԻԵԴ դիմելու համար հիմա նախապատրաստում են կյանքի իրավունքի խախտման՝ սպանությունների հիմքով գործեր: