Մարտի 12-ի գիշերը ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգած անձը խնդրել է, որ ոստիկաններ մոտենան Երևան-Սևան ճանապարհի սկզբնամասում տեղակայված ՃՈ անշարժ պահակետից ներքև։ Ահազանգին արագ արձագանքած բաժնի օպերատիվ խումբն ու մարզը սպասարկող ճանապարհային ոստիկանները նախ պարզել են, որ ճանապարհի աջ հատվածում գործող հացատան դիմաց կրակոցներ են հնչել։
Դեպքի վայր են ժամանել նաև քննիչներ ու փորձաքրեագետներ։ Տարածքի զննությամբ ինքնաձիգի կրակված պարկուճներ են հայտնաբերվել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Տեղում իրականացրած հետախուզական միջոցառումների արդյունքում Կոտայքի ոստիկանները պարզել են, որ հացատանը ծննդյան արարողություն էր, և ինքնաձիգից կրակել է մասնակիցներից մեկը։
Ըստ տեղեկությունների՝ մինչ կրակոցները նրա և այլ մասնակիցների միջև, այսպես ասած, տհաճ խոսակցություն էր եղել։ Շուտով հայտնի է դարձել նաև կասկածվողի ինքնությունը։ 31-ամյա տղամարդը ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզների և մարզի ճանապարհային ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է ահազանգից մոտ կես ժամ անց՝ հենց Կոտայքի մարզում։
Սոլակ գյուղում բնակվող տղամարդը, մեքենայով հանդերձ, բերման է ենթարկվել բաժին։ Ստուգվել է սթափությունը․ ալկոհոլի ազդեցության տակ էր։ «Մերսեդեսի» բեռնախցիկում էլ առանց գործարանային համարի «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակներ ու 5․45 մմ տրամաչափի 44 փամփուշտ է եղել․ բնականաբար՝ ապօրինի։ Զենք-զինամթերքն առգրավվել է։ 31-ամյա տղամարդը ձերբակալվել է։ Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: