Հայկական խաչքար՝ ավելի քան երկու մետր խորությամբ, գետնի տակ։ Կրաքարե խաչքարը գտել են Երուսաղեմի պատրիարքարանի եկեղեցապատկան հողերում։ Ամեն ինչ սկսվեց, երբ պատրիարքարանը որոշեց հյուրանոց և ավտոկայանատեղի կառուցել։ Մինչև շինարարությունն սկսելը, ըստ կարգի, հնագետները պետք է ուսումնասիրեին տարածքը։
Հայր Պարետ Երեցյան, Երուսաղեմի հայոց պատրիարքարանի միաբան - Մոտ երկու մետր և ավելի խորունկ, որ իջան այնտեղ, շատ գեղեցիկ խաչքար գտան: Ամենեն վարի ծայրամասը մի քիչ վնասված է, բայց, բարեբախտաբար, հայերենով փոքրիկ հիշատակարան մը կա, ուր կսե Հիսուս Քրիստոս կամ Աստված Քրիստոս ի հիշատակ։ Հայերենով այդ բառերը կա։
Պեղումների ընթացքում նաև խճանկարներ հայտնաբերեցին, որ հայր Պարետ Երեցյանի փոխանցմամբ՝ հրեա հնագետները բյուզանդական շրջանի են համարում։ Չի բացառվում, որ խճանկարների վրա ևս հիշատակումներ լինեն։ Հողատարածքը պատրիարքությունը հատված առ հատված սկսել է գնել 15-րդ դարից։ Սակայն հայկական հետքի մասին Երուսաղեմում շատ ավելի վաղ ժամանակներից է հիշատակվում։ Ենթադրվում է, որ խաչքարը 12-րդ դարի կոթող է։
Համլետ Պետրոսյան, հնագետ - Խաչքարն առաջին հայացքից շատ նման է Արցախի 12-13-րդ դարերի խաչքարերին՝ համարյա թե բոլոր մանրամասներով։ Ես ավելին կասեմ, կարծեք թե ինքն արցախյան շարքային խաչքարերի օրինակ է։
Ըստ Համլետ Պետրոսյանի, արցախյան խաչքարերը հիմնականում կրաքարային են։ Բացի դա, խաչքարի փորագրություններն էլ իրենց ոճով նման են արցախյան զարդանախշերի։
Համլետ Պետրոսյան - Օրինակ, խաղողի ողկույզների մի տեսակ կա, որ կոչում են գառան դմակ։ Արցախի խաչքարերում խաղողի ողկույզը ոչ թե ամբողջական է, այլ ունի հիմքի վրա ավերումներ։ Զարդաքանդակը գրեթե բոլոր խաչքարերի համար պարտադիր է։ Անկյունների խաղողի վազի ծավալումը, նույնիսկ ներքևում շրջանի մեջ առնված երիցուկատիպ զարդերը։ Շատ-շատ բնորոշ է։
Մովսես Կաղանկատվացու աշխատություններում Երուսաղեմի եկեղեցիների շարքում հիշատակվում են Ամարասի, Պարտավի, Մռավի վանքերը՝ ասում է Համլետ Պետրոսյանը։
Համլետ Պետրոսյան - Մենք ունենք մի շարք տեղեկություններ հենց 12-13-րդ դարերին Երուսաղեմ այցելությունների մասին։ Մասնակցել զանազան արշավանքների սուրբ երկիրը ազատագրելու կամ ասենք Հասան Ջալալի մայրը, որը գնացել է Երուսաղեմ և այնտեղ վախճանվել։
Ինչ վերաբերում է խճանկարին, ըստ Համլետ Պետրոսյանի, թեև Երուսաղեմում քիչ չեն հայտնաբերվել նաև հայերեն արձանագրություններով խճանկարներ, այդուհանդերձ, այս մեկը կարող է և տարբեր եկեղեցիների բնորոշ խճանկար լինել։ Ուսումնասիրության համար եղած գտածոներն են քիչ, պեղումները դեռ շարունակվում են։