Վերջին օրերին բենզինով մեքենաների վարորդները նկատել են՝ վառելիքի լիցքավորման սլաքը դժվարությամբ է բարձրանում: 20 դրամով թանկացումը չէր կարող աննկատ մնալ: Բենզինի գինը շարունակում է սրընթաց վերելքը: Այն արդեն հատել է 400 դրամի սահմանը: Մինչև ո՞ւր այն կարող է հասնել՝ կարծես ոչ ոք չգիտի:
Կորոնավիրուսի առաջին ամիսներին, երբ նավթի միջազգային գները զգալիորեն նվազել էին, Հայաստանում մեկ լիտր բենզինի գինը մոտ 100 դրամով նվազեց՝ հասելով 270 դրամի. շուկայի կարգավորմանը զուգահեռ գինը սկսեց կրկին աճել. վերջին՝ հետպատերազմական ամիսներին, սակայն մեկ լիտր բենզինի գինը գերազանցեց անգամ նախակորոնյան օրերի գինը:
Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը երեք գործոն է առանձնացրել, որոնք ազդել են գնի փոփոխության վրա՝
- նավթի և նավթամթերքի համաշխարհային շուկաների վերականգնում.
- դրամի արժեզրկում.
- ձեռքբերման գների բարձրացում:
Եթե 2020 թվականի ապրիլին Brent տեսակի նավթի գինը նվազել էր 20 դոլարից (19,16), այժմ այն գրեթե 70 դոլարի (69,50) շեմին է, ինչն ուղղակիորեն ազդում է նաև բենզինի սակագնի վրա: Սակայն հայկական վառելիքի շուկայի համար առավել զգայուն էր փոխարժեքի տատանումը:
Նախապատերազմյան Հայաստանում մեկ դոլարը մոտ 485 դրամ էր: Այժմ ամերիկյան արժույթը 530 դրամ ցուցանիշին է մոտեցել: Հայաստան ներկրվող վառելիքի առուվաճառքը կատարվում է դոլարով: Իրավիճակը կարող էր փոխել Հայաստան նավթամթերք մատակարարելու մասին Ղազախստանի հետ համաձայնագիրը: Սակայն, քովիդի պատճառով այն դեռ լիարժեք չի գործում:
Գնագոյացման վրա կարող է ազդել վերահսկող մարմինը՝ հավելում է տնտեսագետ Արմեն Ճուղուրյանը: Նա նույնպես որպես գլխավոր գործոն առանձնացնում է դրամի փոխարժեքը, սակայն չի բացառում նաև սպեկուլյատիվ ռիսկերը:
Արմեն Ճուղուրյան (տնտեսական գիտությունների դոկտոր) - Եթե գինը բարձրանում է, տնտեսագիտական առումով դա կախված է նաև պահանջարկի հետ: Մեզ մոտ վառելիքի պահանջարկի կտրուկ աճ չի գրանցվել: Ուրեմն այստեղ կա սպեկուլյատիվ միտում և սուբյեկտիվ մոտեցում գնագոյացմանը:
Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի ուսումնասիրությունը 2020-ի դեկտեմբեր - 21-ի հունվար ժամանակահատվածն է ընդգրկում: Փետրվարյան թանկացումների պատճառը կառույցը դեռ պետք է պարզի:
Բենզինի գինը կտրուկ աճել է նաև հարևան Վրաստանում: Տարեսկզբից այն թանկացել է 13 տոկոսով: Հարևան երկրում վարորդները նույնիսկ բողոքի ցույց են անցկացրել՝ պահանջելով զսպել վառելիքի գների աճը:
Մասնագետների համոզմամբ՝ դա նույնպես պայմանավորված է նավթի գների աճով: