Խորհրդարանական ընդդիմության վերջին օրերին արված հայտարարությունները լավատեսություն են ներշնչում, որ արտահերթ ընտրությունների հարցում հնարավոր է հասնել կոնսենսուսի՝ կարծում է իշխող «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբեն Ռուբինյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր - Մեր քաղաքական ուժը բաց է քննարկումների համար: Հուսամ՝ կկայանա կոնսենսուս և կգնանք ընտրությունների:
Ընդդիմադիր խմբակցություններից «Լուսավոր Հայաստանն» արտահերթի հարցով հանդիպել է թե՛ վարչապետ Փաշինյանին, թե՛ Հանրապետության նախագահին: Էդմոն Մարուքյանը միայն ժամկետների մասով պայման ունի՝ գործընթացը պետք է ավարտվի մինչև հունիսի մեկը: Եթե, ի վերջո, խորհրդարանական ընդդիմադիր ուժերի և իշխանության միջև համաձայնությունը կայանա, ընտրությունների անցկացման ժամկետների մասով քաղաքական մեծամասնությունը որևէ խնդիր չի տեսնում՝ վստահեցնում է Ռուբինյանը: Մարուքյանն էլ նշում է՝ այդ սցենարի դեպքում 10 օրվա ընթացքում վարչապետը պետք է հրաժարական ներկայացնի:
Վարչապետի հրաժարականի և արտահերթ ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության մասին խոսել է նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնել:
«Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող ԲՀԿ-ն, որը տևական ժամանակ փողոցային պայքարով փորձում էր հասնել Փաշինյանի հրաժարականին և Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ժամանակավոր կառավարության ձևավորմանը, այժմ հայտարարում է՝ վարչապետի թեկնածու չեն առաջադրի, իսկ թե ինչու՝ Ծառուկյանը հիմնավորում է՝ բավարար ձայներ չունեն: Խմբակցության քարտուղարն այսօր լրագրողներին հորդորեց ինտրիգներ չփնտել, իրենք փողոցային պայքարի էջը չեն փակում:
Մինչ «Բարգավաճ Հայաստանը» խոսում է արտահերթ ընտրության անհրաժեշտության մասին, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հայտարարում է՝ պետք է ամեն գնով կանխել այս իշխանության օրոք արտահերթ ընտրությունների անցկացումը: Իսկ եթե իշխանությունը գնա այդ քայլին և հայտարարի ընտրությունների մասին, ապա Մանուկյանի դիտարկմամբ՝ պետք է հեռացնել նրանց մինչև նախընտրական գործընթացի սկիզբը:
Վազգեն Մանուկյան, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու - Այս քաոսի, պառակտման, արտաքին վտանգի ներքո ընտրությունների անցկացումն անհեթեթություն է, և մեր երկիրը ոչ թե կհանի այս վիճակից, այլ ավելի կխորացնի իրավիճակը: Խնդիրը պետության գահավիժման կասեցումն է, որը պահանջում է ներկա իշխանության հեռացում:
«Իմ Քայլից» Ռուբեն Ռուբինյանը հիշեցնում է՝ Հանրապետության նախագահի առաջարկած ձևաչափով պատրաստ էին հանդիպել նաև արտախորհրդարանական ուժերին, սակայն «Հայրենիքի փրկության շարժման» ներկայուցիչները մերժեցին: Այլ ձևաչափով քննարկումներ այս պահին նախատեսված չեն: