ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն այսօր հավանություն չտվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին:
ԼՀԿ-ն առաջարկվում էր սահմանել, որ զինծառայությունից արձակվող ու ծառայության ընթացքում չօգտագործված արձակուրդ ունեցող զինծառայողներին տրվում է փոխհատուցում` չօգտագործված արձակուրդների բոլոր օրերի դիմաց: Կառավարությունը խոստացավ ներկայացնել համապարփակ փոփոխություններով նախագիծ:
Նախագծի հեղինակներից Տարոն Սիմոնյանի խոսքով, առկա կարգավորումը նախատեսում է, որ չօգտագործված արձակուրդը տրամադրվում է միայն վերջին երկու տարիների համար, իսկ մինչ այդ չօգտագործված արձակուրդների փոխհատուցում չէր տրամադրվում: ՍԴ-ն 2018-ին այդ դրույթը հակասահմանադրական է ճանաչել:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նկատեց, որ մարդը կարող է ամեն տարի իր հասանելիք արձակուրդից չօգտվել, ինչի արդյունքում պետության վրա մեծ բեռ կարող է կուտակվել:
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի խոսքով, այդ նախաձեռնությունը մարդու իրավունքները վերականգնող, բարելավող քայլ է: «Սակայն այս պահին վերջնական որոշում կայացված չէ՝ նկատի ունենալով, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում կատարվում են փոփոխություններ, և այս հարցին ևս պարտադիր կերպով անդրադարձ է կատարվելու համապարփակ փոփոխությունների շրջանակներում»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ թիվը շատ մեծ է լինելու՝ նույնիսկ այն դեպքում, երբ վճարվի միայն 2018-ին ՍԴ-ի որոշումից հետո:
Ըստ փոխնախարարի, կառավարությունն այս պահին առաջարկում է սպասել փոխնախարարի կողմից հիշատակված օրենքում կատարվող փոփոխություններին, համապարփակ անդրադարձին: