«Ամենօրյա աշխատանքներ են իրականացվում, որպեսզի ավելի ամրապնդված լինի Հայաստանի անվտանգային միջավայրը, անվտանգությունը՝ ավելի երաշխավորված»,- լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Փոխնախարարն անդրադարձել է Հայաստանում մարտի 16-20-ն անցկացվելիք զորավարժություններին: «Յուրաքանչյուր զորավարժություն ունի իր հստակ նպատակը՝ անվտանգության, պաշտպանունակության, ունեցած ռեսուրսների ընդհանուր օգտագործման և այլնի հստակեցումն է: Կարող եմ նշել՝ այս պահին էլ ՀՀ ՊՆ-ն, ԶՈՒ-ն վերահսկում են իրավիճակը: Խուճապային տրամադրություններ ստեղծելու, բանակի մարտունակությունը կասկածի տակ դնելու քայլերը ոչ մի կերպ օգուտ չեն բերում բանակի պաշտպանունակության և մարտունակության կազմակերպմանը»,- նշեց նա:
Պաշտպանության նախարարի տեղակալի խոսքով՝ այս պահին նոր պատերազմի մասին չի կարող խոսք լինել: «Եթե նման խնդիր լինի, պետությունն անհապաղ ամեն քայլ կձեռնարկի: Բայց դիտարկելով մեր վերջին 30-ամյա պատմությունը, պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել պատերազմի: Բայց այս պահին նման հարց բարձրացնելու անհրաժեշտություն, տագնապ հաղորդելու կարիք չկա»,- հայտարարեց նա: