Հանրապետության գրեթե բոլոր անկյուններից պատանի տասնյակ բռնցքամարտիկներ եկել են քաղաք Արարատ. նրանց միավորել է կյանքից վաղաժամ հեռացած Հայկ Սարգսյանը: Արարատ քաղաքի Մշակույթի տանը հանգստյան օրերին անց է կացվում բռնցքամարտիկ Հայկ Սարգսյանի հիշատակին նվիրված հուշամրցաշար: Նմանը կազմակերպելու գաղափարն առաջարկել է Հայկի մարզիչը՝ Տիգրան Արմենակյանը, որը նաև գլխավորում է բռնցքամարտի Հայաստանի կրտսեր տարիքի պատանեկան հավաքականը:
Տեղի բռնցքամարտի մարզադպրոցում մարզված սանի հիշատակին նվիրված հուշամրցաշարի անցկացման գաղափարին միացել է նաև Արարատի քաղաքապետարանը: Հուշամրցաշարին մասնակցում են երեք տարիքային խմբի մարզիկներ՝ կրտսեր տարիքի պատանիներ, պատանիներ և 2009/10 թվականներին ծնված մարզիկներ: Հանրապետության մի շարք մարզերից գրեթե երկու տասնյակ մարզադպրոցներ ներկայացրել են իրենց սաներին: Տիգրան Արմենակյանը կարծում է, որ նման մրցաշարերը կարող են օգտնել բացահայտելու տաղանդավոր նոր մարզիկների:
Հայկ Սարգսյանը, ով իր տարիքային խմբերում հանրապետական և միջազգային մի շարք խոշոր մրցաշարերի ոսկե ու արծաթե մեդալակիր էր դարձել, այդպես էլ չհասցրեց ուժերը փորձել մեծ ռինգերում: Այդուհանդերձ, բռնցքամարտիկի վաղաժամ մահը պատճառ դարձավ, որպեսզի անցկացվի նման հուշամրցաշար և ճանապարհ բացվի ապագայի բազմաթիվ հաջողությունների համար:
Երևանի բռնցքամարտի մարզադպրոցներից մեկի՝ Տորք Անգեղի մարզիչներից Վախթանգ Մկրտչյանը համոզված է, որ գաղափարը լավն է, ու նման խոշոր մրցաշարը մեծ հավանականությամբ կդառնա ավանդական և ամեն տարի կմիավորի պատանի տասնյակ բռնցքամարտիկների: