Ինչու Եվրամիությունը քննության առարկա չի դարձնում Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմական հանցագործությունները: Արդյոք ժողովրդավարության օրրան Եվրոպան չպե՞տք է պատժի եկեղեցիներ ու հիվանդանոցներ թիրախավորողներին:
Եվրոպական խորհրդարանի 30 պատգամավոր Բրյուսելի հստակ գործողությունների ակնկալիք ունի և բարձր ներկայացուցիչ Բորելից նաև հետաքրքրվել է՝ ինչ է անում Եվրոպան, որ հայ ռազմագերիները տուն վերադառնան:
Եվրամիության ղեկավարությանն ուղղված հարցումներից առաջինը եղել է կիպրոսցի պատգամավոր Լուկաս ֆուրլասինը: Նա գրավոր հարցումով պատասխան է պահանջել Եվրահանձնաժողովից՝ ընդգծելով, որ ադրբեջանական զինված ուժերը, խախտելով պատերազմի միջազգային օրենքները, 2020 թ. հոկտեմբերի 8-ին թիրախավորել և հարվածներ են հասցրել Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարին: Եվրապատգամավորը Եվրոպական հանձնաժողովից հարցրել է, թե արդյոք վերջինս նախատեսո՞ւմ է քայլեր ձեռնարկել Արցախի «քաղաքացիական բնակչությունը և կրոնական պաշտամունքային վայրերը պաշտպանելու ուղղությամբ»: Եվրահանձնաժողովի անունից իր պատասխանում բարձր ներկայացուցիչը դատապարտել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Ղազանչեցոց մայր տաճարի ռմբակոծումը։ Բորելն իր պատասխանում նաև հիշատակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 2017 թ. ընդունված 23-47 բանաձևը, որը կրոնական, ուսումնական և մշակութային կենտրոնների թիրախավորումը սահմանում է որպես ռազմական հանցագործություն:
Լուկաս Ֆուրլաս (ԵԽ պատգամավոր, ԵԽ Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ) - «Մենք գոհ ենք պարոն Բորելի գրավոր պատասխանով: Նա հարձակումը որակել է որպես պատերազմի միջազգային կանոնի խախտում: Այժմ ԵՄ-ից ակնկալում ենք, որ վերջինը պատժի այս խախտումը: Եվրապատգամավորները ճնշում կգործադրեն և գործողություններ կպահանջեն, այլ ոչ թե պարզապես մտահոգություններ կհայտնեն: Դեռ սպասում եմ, որ պարոն Բորելը մեզ բովանդակային պատասխան կտա Ադրբեջանում հայ գերիների վերաբերյալ: Անընդունելի է, որ մինչ այժմ Ադրբեջանն ու Թուրքիան պատասխանատվության չեն ենթարկվել և չեն պատասխանել: Ես ուզում եմ հավաստիացնել հայ ժողովրդին, որ նրանք ընկերներ ունեն Եվրախորհրդարանում, և մենք այստեղ ենք հանուն արդարության պայքարելու համար և կպահանջենք պատասխաններ»։
Եվրահանձնաժողովը ողջունել է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնած առաքելությունը դեպի ներկայումս ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող Արցախի շրջաններ: Այդ առաքելությունն ուղղված է լինելու հայկական մշակութային ժառանգության նախնական փաստագրական գնահատմանը: Առաքելությունը նաև աջակցելու է հայկական մշակութային վայրերի պահպանմանն ու վերականգնմանը:
Եվրապատգամավորները եվրահանձնաժողովից հրատապ քայլեր են ակնկալել նաև այս պահին Հայաստանի համար թիվ մեկ հումանիտար խնդրի՝ ռազմագերիների վերադարձի հարցում։ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Կոստաս Մավրիդեսի նախաձեռնությամբ, բոլոր հիմնական խմբակցություններից 30 եվրապատգամավոր հրատապ հարցում է հղել Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգային հարցերով Բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելին: Եվրապատգամավորները Բարձր հանձնակատարին հարցրել են, թե ԵՄ-ն ինչ հստակ քայլեր է ձեռնարկել Ադրբեջանի գերեվարած հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց, այդ թվում՝ քաղաքացիական անձանց և կանանց վերադարձն ապահովելու համար:
Կոստաս Մավրիդես (ԵԽ պատգամավոր, Կիպրոս) - «Ադրբեջանը պատերազմի ակնհայտ հանցագործություն է գործում՝ ռազմագերիներին չվերադարձնելով։ Մենք չենք կարող մարդկության դեմ ուղղված հանցագործությունների առջև լուռ մնալ: Այդ պատճառով տարբեր խմբակցություններից և ԵՄ անդամ երկրներից իմ գործընկերների հետ մենք կոչ ենք անում ԵՄ-ին՝ գործի անցնել և կոնկրետ քայլեր ձեռնարկել ձեռք բերված համաձայնության 8-րդ կետի իրագործմանը հասնելու համար, ինչը Հայաստանն արդեն ամբողջությամբ կատարել է։ Ադրբեջանը բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքը, և մենք պետք է բարձրաձայնենք այս զուտ մարդասիրական հարցի մասին։ ԵՄ-ն տնտեսական շահերի բախման դեպքում գերադասում է լռել, բայց սա մարդասիրական հարց է, և պետք է ոչ միայն բարձրաձայնել, մտահոգություն հայտնել և անցնել առաջ, այլ նաև գործել։ Մենք չենք լռելու այնքան ժամանակ, քանի դեռ քայլեր չեն ձեռնարկվել»։
Եվրապատգամավորները ԵՄ Բարձր հանձնակատարին նաև հարցում են հղել, թե ինչ կոնկրետ քայլեր է ձեռնարկել ԵՄ-ն հայ ռազմագերիների չարաշահումը և քաղաքական նպատակների համար շահագործումը կանխելու և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից նրանց այցելությունն ապահովելու համար: Եզրափակելով՝ Եվրապատգամավորները հետաքրքրվել են, թե արդյոք ԵՄ-ը ադրբեջանական կողմից հայցե՞լ է իրեն փոխանցել հայ ռազմագերիների հստակ թիվը, և եթե այո, ապա ինչ տեղեկություն է տրամադրվել: Պատգամավորները վստահ են՝ հետպատերազմյան հարաբերություններում որևէ բանակցություն առողջ ու կառուցողական չի կարող լինել, քանի դեռ հումանիտար այդ կարևոր խնդիրը լուծված չէ:
Պետրաս Օշտրավիչուս (ԵԽ պատգամավոր, Լիտվա) - «Պատերազմից հետո էլ տարածաշրջանում իրավիճակը շարունակ է մնալ լարված։ Իրական լիցքաթափում դեռ չենք տեսել, առողջ երկխոսություններ ևս չկան։ Փոխարենը դեռ կան հարյուրավոր ռազմագերիներ, որոնք շարունակվում են պահվել։ Սա մարդասիրական ամենակարևոր առաջին հարցն է, որ պետք է լուծել։ Ազատ արձակել ռազմագերիներին, քանի որ պատերազմը դադարել է։ Ինձ համար իրական լիցքաթափումը հենց այդ քայլով կարող է սկսվել։ ԵՄ-ն չի գործել ու չի գործում իր հնարավորությունների սահմաններում։ Նմանատիպ հարցումներով մենք փորձում ենք օրակարգում պահել հարցը և ճնշում բանեցնել գործադիր իշխանության վրա»։
Եվրախորհրդարանի չեզոք պահպանող խորհրդարանականների շարքին դասվող Լիտվացի պատգամավոր Օշտրավիչուսն Արցախյան պատերազմի հարցում չվարանեց մատնանշել նաև Թուրքիայի ներգրավվածության և իրական ցանկությունների մասին։ Նա հիշեցրեց տարածաշրջանում կայունության հույսը չպետք է կապել միայն Թուրքիայի և Ռուսաստանի հետ։ Ըստ նրա՝ ԵՄ-ն կարող է և պետք է դերակատար լինել։ Իսկ այդ հարցում իրենց դերը շարունակում է խաղալ Եվրոպայում հայկական կառույցների ակտիվ և հետևողական աշխատանքը։