Հենց այսպես՝ սոցիալական ցանցի փայլող այս քարը կարող է շատերի կյանքը խամրեցնել. թմրամիջոցի մասին գովազդ է, ծուղակ բազմաթիվ դեռահասների համար:
Դպրոցահասակները կարող են իմանալ, թե պատվիրում են գեղեցիկ առարկա, ու հայտնվել թմրավաճառների ճիրաններում:
Քննչական կոմիտեի թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործերով զբաղվող վարչությունում այս պահին նմանատիպ 5 քրեական գործ կա՝ բազմաթիվ էջերով:
Հովհաննես Համբարյան (ՔԿ ՀԿԳՔԳՎ թրաֆիքինգի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչության պետ) - Մեկ քրեական գործով քննվում են մի քանի էջեր, ներկայում կա կալանավորված երկու անձ, նրանք էջեր կառավարողներ չեն, այլ թմրամիջոցները տեղափոխողներ, մեկը 20 տարեկան էլ չկա:
Այս երիտասարդները տելեգրամյան ալիքում ակնհայտ ցանկություն են հայտնում աշխատել, այսպես կոչված, «կլադմեն»՝ թմրամիջոց տեղափոխող: Ըստ Քննչական կոմիտեի ձեռք բերած տվյալների՝ յուրաքանչյուր առաքման համար ստանում են 1000 դրամ:
Իսկ ինչո՞ւ են երիտասարդները այդպես բաց հայտնում, որ ցանկանում են թմրամիջոց տեղափոխել:
Հովհաննես Համբարյան - Որպեսզի հանկարծ խաբելու դեպքում էջի օգտատերը հնարավորություն ունենա նրանց հանրայնացնել: Սրանք արդեն հանրայնացված են:
Սրանք անդրազգային հանցագործություններ են, երբ կատարողները՝ թմրամիջոց վաճառող սոցիալական էջերի տերերը, արտասահմանում են, այն տեղափոխողները, գնորդները՝ Հայաստանում, իսկ դրամական փոխանցումներն էլ կատարվում են օտար երկրներում բացված էլեկտրոնային դրամապանակներին կամ բիթքոին հաշիվներին:
Հովհաննես Համբարյան - Եթե նախկինում պետք է օրերով սպասեին մեկին, որ գումարը տային գնեին, հիմա առանց միմյանց հանդիպելու հեշտացել է, նամակագրությամբ մի քանի րոպեում հարցը լուծվում է: Ձեռք բերող անձը գումարը վճարելու սքրինշոթն ուղարկում է էջի տիրոջ նշած հաշվեհամարին, վերջինս ուղարկում է նկար, թե քաղաքի որ հատվածում է գտնվում:
Քննչական կոմիտեում քննվող գործերից մեկով էլ պարզվել է՝ տաքսու վարորդը մի քանի օրում միլիոնավոր դրամներ է ստացել էլեկտրոնային հաշվին՝ թմրանյութերի վաճառքից:
Հովհաննես Համբարյան - Հանցագործությունները թաքցնելու, քողարկելու համար թմրամիջոցի վաճառքով զբաղվողները հաճախ էլեկտրոնային դրամապանակները փոխում են, փորձում մոլորեցնել իրավապահներին: Պարզվել է, օրինակ՝ փոխանցվել է 40 մլն դրամ, մի քանի դրամապանակներով 300-400 մլն դրամ արտերկիր է գնացել: Արդյունքում ծնվում է ևս մեկ հանցագործություն՝ փողերի լվացում:
Սրանք արդեն կալանավորված անձանց հանցագործությունների ապացույցներն են՝ մայրաքաղաքի տարբեր վայրերում թաքցրած թմրամիջոցները հասցեով սպասում են տերերին:
Քննչական մարմինը զգուշացնում, հորդորում է դեռահասների ծնողներին՝ ուշադիր լինեն երեխաների առցանց շփումներին: