Փետրվարի 19-ին՝ ժամը 14.21-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում Երևանի Քաջազնունու փողոցում կատարվող ավազակության մասին հաղորդում էր ստացվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզել էին, որ անհայտ անձը հիշյալ փողոցում գործող տարադրամի փոխանակման կետի աշխատակցին սպառնացել էր ատրճանակի նմանվող առարկայով ու նռնակով և հափշտակել նախնական տվյալներով՝ մի քանի տասնյակ միլիոն դրամ:
Ավազակություն կատարած անձը հեռանալիս նռնակը նետել էր արտարժույթի փոխանակման կետի տարածք: Այն չէր պայթել:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։ ՔՈԳՎ, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել հանցագործությունը կատարած անձնանց ինքնության վերաբերյալ։
Մարտի 12-ին՝ ժամը 10․10-ին, կասկածվողները հայտնաբերվել են Կոտայքի մարզի Զովունի գյուղում ու բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ 51-ամյա և 39-ամյա տղամարդիկ ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին ու ձերբակալվել։ Ձեռնարկվում են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու քննչական գործողություններ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: