Երեխաների առօրյան ավելի գունեղ և աշխույժ է դարձել: Նոյեմբերյանի ամենամեծ մանկապարտեզի այս մասնաշենքը, որ մոտ 30 տարի շինարարի ձեռք չէր տեսել և դանդաղ ավերվում էր, հիմա ներսուդրսից անճանաչելիորեն փոխվել է:
Հասմիկ Սևինյան ( Նոյեմբերյանի բնակիչ) - Հիմա ամեն ինչ շատ լավ է, հիմա վստահ բերում եմ երեխաներիս:
Համայնքապետարանը հիմնովին վերակառուցմանը ձեռնամուխ եղավ 2 տարի առաջ` մոտ 6 մլն դրամ ներդրմամբ և միջազգային բարեգործական կազմակերպությունների աջակցությամբ՝ լիովին ապահովելով անհրաժեշտ գույքով ու կահավորանքով: Դռները բացվել են անցյալ գարնանը, բայց համավարակով և պատերազմով պայմանավորված` դադարել և միայն հունվարից է վերսկսել գործել:
Թամարա Երիցյան (Նոյեմբերյանի թիվ 2 մանկապարտեզի դաստիարակչուհի) - Մանկապարտեզը գտնվում է Նոյեմբերյանի ամենախիտ բնակեցված մասում: Մենք ողջ թիմով անում ենք ամեն հնարավորը՝ համավարակի կանխարգելման պայմանները ապահովելու համար:
Այս մասնաճյուղի գործարկումը հրատապ էր դարձել:
Խաչիկ Գիշյան (Նոյեմբերյան համայնքի ղեկավարի տեղակալ) - Մենք լուրջ խնդիր ունեինք մանկապարտեզի, երեխաների քանակն ավելանում էր ոչ միայն տեղի երեխաների հաշվին, այլև դրսից եկած մարդկանց: Զորամասում դրսից բավական մարդիկ են գալիս աշխատանքի, ծառայելու, իրենց ընտանիքներով: Կարելի է էսօր հստակ ասել, որ Նոյեմբերյանում մանկապարտեզ հաճախելու խնդիր չկա:
Հիմա այս մանկապարտեզ հաճախող երեխաների թիվը կրկնապատկվել է, հասել 120-ի՝ նախկին 60-ի փոխարեն: Գործում է 6 խումբ` 20-ական սաներով: Քաղաքի մյուս մանկապարտեզն էլ համալրվել է նոր ննջարանով:
Խնդիրը օրակարգում է արդեն խոշորացված համայնքի գյուղերի համար: Լավ պայմաններով մանկապարտեզ գնալու հնարավորություն է ընձեռվել սահմանամերձ երեք գյուղերի փոքրիկների:
Խաչիկ Գիշյան - Մասնաճյուղեր ենք բացել Ոսկեվանում, Կոթիում, Բաղանիսում կա, Ջուջևանում մինչև 12 երեխայի համար գյուղապետարանի շենքում տեղավորել ենք, մտածում ենք հարմար տարածք գտնելու, մյուս համայնքներում էլ փորձում ենք քայլեր անել:
Իսկ քաղաքում մեծերի և փոքրերի տեղաշարժը ավելի հարմար և ապահով է դարձել Նոյեմբերյանի տարբեր` հետիոտնի համար վտանգավոր հատվածներում այսպիսի 5 աստիճանների կառուցմամբ: