Հանդիպման վայրն ու օրն անփոփոխ է՝ Չարենցի հուշարձանի մոտ, մարտի 13-ին: Չարենցի անունը կրող դպրոցի սաները՝ պոետի դիմանկարով շապիկներով ու ծաղիկներով, դարձյալ հուշարձանի մոտ են: Չարաբաստիկ 37-ին, երբ Չարենցը ողբերգականորեն միայնակ նշում էր 40-ամյակը, իր իսկ գնահատմամբ՝ կրկնակի հոբելյան էր:
Երեխաների շուրթերից դարձյալ պոետի տողերն են հնչում: Ամեն մի սերունդ բացահայտում է՝ սա է իսկական Չարենցը, որի հոգևոր ժառանգորդները փաստում են՝ նրա պոեզիայի հզոր ուժը պատգամի է վերածվում:
Թանգարանն այս տարի նոր հրատարակությամբ է նշում Չարենցի տարեդարձը՝ 1932-ից 89 տարի անց ներկայացնելով «Չարենց-Նամեի» չարենցյան խմբագրումներով վերահրատարակությունը: Բայց օրվա գլխավոր անակնկալը Ռեգինա Ղազարյանի «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն» կտավին նոր շնչառություն հաղորդելն է:
Հավելվածը ներկայացնում է հայտնի այն տակառը, որում Ռեգինա Ղազարյանը 17 տարի շարունակ նկուղում զմռսված պահել է Չարենցի տասնյակ գործեր, որոնք հանրայնացվեցին միայն 1954-ին՝ Ստալինի մահից հետո: Դրանցից 30-ն արդեն հասնելի են հավելվածի միջոցով:
Իսկ պոետի 125-ամյակին թանգարանում արդեն այսօր են պատրաստվում. սկսել են Չարենցի անձնական գրադարանի մատենագիտության կազմակերպման աշխատանքները և հաջորդ տարեսկզբին այլ հրատարակչական նորույթների հետ կներկայացնեն չարենցասերների գնահատմանը: