Կոչ ԵԱՀԿ պատվիրակներին՝ աշխատել սեփական կառավարությունների հետ՝ հայ գերիներին տուն վերադարձնելու համար: ԽՎ նախաձեռնած վեբինարի ընթացքում Հայաստանի պատգամավորների ելույթների առանցքում ռազմագերիների չպաշտպանված իրավունքն էր:
Հռիփսիմե Գրիգորյան (ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ) - Պատերազմը սկսել է Ադրբեջանը՝ երկար պլանավորելուց հետո: Այն ուղեկցվել է ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դրա նպատակների մասին հստակ բարձրաձայնմամբ, այն է՝ հայերի էթնիկ զտումը իրենց հայրենիքից և հակամարտության լուծումը բռնի ուժով: Վստահության միջավայրի կառուցման համար պարտադիր պայման է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և պահվող անձանց անհապաղ վերադարձի ապահովումը: Գերիների հարցի օգտագործումը քաղաքական նպատակներով անընդունելի է:
Հայ պատվիրակները միջազգային հանրությանն ու կազմակերպություններին կոչ են անում քննադատության ձայնն ավելի բարձր հնչեցնել: Դա ունի ևս մեկ կարևոր նպատակ՝ կանխել և թույլ չտալ դրանց կրկնությունն ապագայում:
Մարիա Կարապետյան (ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ) - ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հարգելի՛ գործընկերներ, ես կրկին ձեզ կոչ եմ անում հայտարարություններ տարածել, նամակներ գրել, աշխատել ձեր արտաքին հարաբերությունների նախարարների հետ՝ հայ գերիների վերադարձի հարցին նպաստելու համար։ Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցիչները բողոքում են, թե մենք՝ Հայաստանի ներկայացուցիչներս, կառուցողական չենք։ Նրանք կարող են մեր կողմից կառուցողական վերաբերմունքի հույս տածել միայն այն պարագայում, երբ իրենց կառավարությունից պահանջեն հայ գերիների անհապաղ ազատ արձակում։
Ադրբեջանի ռազմական հանցագործությունները վերջին պատերազմի ընթացքում՝ որպես մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված վեբինարի հիմնական թեմա:
Անի Սամսոնյան (ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ) - Զանգվածային հարձակումներ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ, անմարդկային վերաբերմունք հայ ռազմագերիների և մահացած զինծառայողների հանդեպ, վարձկան ահաբեկիչների ներգրավում և արգելված զենքի կիրառում:
Արգելված կասետային ռումբերից մինչև Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծում: Պատերազմի ընթացքն ադրբեջանցի՝ իրեն խաղաղասեր հռչակած գործընկերոջն է հիշեցնում հայ պատգամավորը: