Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը նոր զեկույց ունի, որում փաստեր են հայ ռազմագերիների մասին, նաև նրանցից մի քանիսի պատմությունը: Հայերի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղի շատ շրջաններում վերահսկողություն հաստատելուց հետո ադրբեջանական Զինված ուժերը շրջապատել են քաղաքացիական անձանց: Բազմաթիվ երիտասարդներ կարողացել են դուրս գալ շրջափակումից: Մնացել են հիմնականում տարեցները, որոնք չեն ցանկացել լքել իրենց տները՝ նշված է զեկույցում:
«Human Rights Watch-ը չի կարող հստակեցնել ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված քաղաքացիական անձանց թիվը: Այս ուղղությամբ աշխատող առաջատար երկու իրավաբան գնահատել են, որ Ադրբեջանի գերեվարած անձանց տասը տոկոսը քաղաքացիական անձինք են»:
Կազմակերպությունը վավերագրել է ադրբեջանցիների կողմից հայ քաղաքացիներին կտտանքների ենթարկելու բազմաթիվ դեպքեր, արձանագրել. գերեվարված քաղաքացիներին պահել են անմարդկային պայմաններում: Կազմակերպությունն անդրադարձել է գերեվարման ժամանակ երկու քաղաքացու սպանության դեպքին: Վկայություններ կան, որ նրանք, ամենայն հավանականության, առանց դատավճռի ենթարկվել են մահապատժի:
«Ադրբեջանի Զինված ուժերը քաղաքացիներին գերեվարել են նույնիսկ այն դեպքում, երբ անվտանգության սպառնալիքի որևէ ապացույց չկա՝ նրանք զինված չեն եղել և չեն մասնակցել ռազմական գործողություններին»:
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության ներկայացրած դեպքերը հիմնված են գերությունից ազատ արձակվածների, նրանց ընտանիքների անդամների հետ հարցազրույցների, լուսանկարների, տեսագրությունների և բժշկական փաստաթղթերի վրա: Իրավապաշտպան կազմակերպությունը, հղում տալով միջազգային կոնվենցիաներին, Ադրբեջանի իշխանությանը կոչ է անում անհապաղ հետաքննություն անցկացնել քաղաքացիական անձանց անօրինական ձերբակալման, նրանց նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, առանց դատավճռի մահապատիժ իրականացնելու գործով՝ պատասխանատվության ենթարկելով մեղավորներին:
Ադրբեջանը պետք է անհապաղ ազատ արձակի ու հայրենիք վերադարձնի կալանավայրերում պահվող քաղաքացիական բոլոր անձանց: Զեկույցում ներկայացվում են տարբեր տարիքի գերիների՝ Արեգայի և Էդուարդի, Արսենի և Սաշայի գերեվարման պատմությունները: