Արևմտյան Ամերիկայի Համահայկական խորհուրդը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հասցեագրված խնդրագիր է ստեղծել:
Համահայկական խորհուրդը նշում է, թե ժամանակն է, որ Սպիտակ տունը միանշանակ հաստատի ԱՄՆ պաշտոնական քաղաքականությունը՝ Կոնգրեսի կողմից միաձայն ընդունված թիվ 296 և թիվ 150 բանաձևերը, այն է՝ պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու ոգեկոչել զոհերի հիշատակը, մերժել Հայոց ցեղասպանությունը կամ այլ ցեղասպանությունները հերքելու գործում ԱՄՆ-ի կառավորությանը համոզելու Թուրքիայի ջանքերը և խրախուսել Հայոց ցեղապանության փաստերի մասին կրթությունն ու հասարակական ընկալումը:
Խնդրագրում նշվում է, որ չնայած Մերձավոր Արևելքում հայերին բնաջնջումից փրկելու ԱՄՆ-ի աննախադեպ դերին, Միացյալ Նահանգների նախկին վարչակազմերը զիջել են Թուրքիային, բնիկ հայերի, ասորիների և հույների դեմ Օսմանյան կայսրության իրականացրած ցեղասպանության մասին ազնվորեն խոսելու փոխարեն, այդպիսով՝ Թուրքիային թույլ տալով անպատիժ շարունակել իր քաղաքականությունը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին հորդորում են կատարել այս թեմայի վերաբերյալ ազնվորեն խոսելու իր խոստումը՝ հիշատակելով որպես սենատոր, փոխնախագահ և նախագահի թեկնածու Բայդենի՝ այս հարցում կատարած քայլերը:
«Որպես ԱՄՆ նախագահ՝ Դուք խոստացել եք մարդու իրավունքներն ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություն դարձնել: Եվ եթե մենք լրջորեն ցանկանում ենք վերահաստատել ԱՄՆ բարոյական հեղինակությունն ու հաստատել մարդու իրավունքներն ամենուրեք, ապա Ձեր վարչակազմը պետք է փակի մարդկության դեմ անպատիժ հանցագործությունը ժխտելու Թուրքիայի հետ ԱՄՆ-ի մեղսակցության ամոթալի էջը»,- նշվում է խնդրագրում:
Խնդրագրում ակնկալվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անմիջապես, միանշանակ ու վերջնական կճանաչի Հայոց ցեղասպանությունը: