International Christian Concern (ICC) քրիստոնեական կազմակերպությունը Ամերիկայի հայկական համագումարի հետ միասին մարտի 17-ին առցանց միջոցառում է կազմակերպելու՝ նվիրված Արցախին: «Ցեղասպանության անատոմիան. Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմը» խորագրով միջոցառմանն անդրադարձ է լինելու անցյալ աշնանն Արցախում Հայաստանի դեմ Ադրբեջանի ու Թուրքիայի սանձազերծած ագրեսիային:
Persecution պարբերականը գրում է, որ քրիստոնեական կազմակերպության, Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչների հետ միասին թեմայի շուրջ կխոսի նաև ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Պարբերականը նշում է, որ անցյալ աշնանն ադրբեջանական զինված ուժերը Թուրքիայի աջակցությամբ և հավանությամբ զինված հարձակում գործեցին Լեռնային Ղարաբաղի դեմ, որին հետևեցին 44-օրյա արյունահեղություններ, ներառյալ՝ ադրբեջանցի զինվորականների և Թուրքիայի կողմից վճարված սիրիացի վարձկանների իրականացրած բազմաթիվ պատերազմական հանցագործություններ:
Persecution-ը հիշատակել է նաև Արցախից հայկական ինքնությունը իսպառ վերացնելու Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումների մասին: 20-րդ դարի սկզբից ի վեր շարունակվում է էթնիկ և կրոնական պատկանելության հիմքով հայերի գոյութենական սպառնալիքը: