Մի քանի րոպեում ստեղծել թիմ, այն էլ՝ օնլայն, ու բիզնեսը կառավարել գրպանից: Հայկական Team2B նոր ստարտափը ստեղծել է հարթակ աշխատանք և աշխատակից փնտրողների համար: Օնլայն աշխատաշուկայում կարելի է ուսումնասիրել մասնագետներին, ստանալ անվճար խորհրդատվություն բիզնեսը սկսելու համար, սկսել օնլայն բիզնես քննարկումներ, գտնել լավագույն և անհրաժեշտ մասնագետներին: Նախագիծը դեռ նոր է, բայց արդեն 200-ից ավելի ընկերություն է հետաքրքրվել: Հետաքրքրել են նաև ԵՄ-ին, ֆինանսավորում ստացել:
10 տարի գործող հաշվապահական ընկերության թիմը համավարակի օրերին է հասկացել՝ հեռավար կյանքում բիզնեսն էլ պետք է օնլայն դարձնել: Հարթակը ստեղծել են, որ գործարարը հանձնարարություններ տա, տեսազանգերն ու նամակագրությունը, բիզնեսի կառավարումը կցի համակարգչին, հեռախոսին, իսկ իր կյանքի մնացած ժամանակը ծախսի արտադրանքն ավելի կատարելագործելու վրա: Հիմա հարթակում 10 ծառայություն ունեն ու 37 մասնագետ:
Հեռավար աշխատանքում են ներգրավվում նաև մարզերն ու սահմանամերձ գոտիները:
Վլադիմիր Շատվերով (Team2B ստարտափի համահիմնադիր) - Կամայական մարդ, որ ունի գիտելիքներ կամ ցանկություն ունի գիտելիքներ ձեռք բերել: Մենք թիրախային ենք համարում մարզերից մարդկանց ներառելը:
Աշխատանք ստեղծելու կարիքը նաև պատերազմից հետո են զգացել: Հիմա Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում մեր երկրի սահմանները պահած տղաների համար անվճար դասընթացներ են պատրաստում, որ տանը նստած փող աշխատեն, մնացած ժամանակն էլ կենտրոնանան արագ վերականգնվելու վրա:
Վլադիմիր Շատվերով - Մենք ունենք շատ ցավոտ և շատ կարևոր խնդրի լուծման պոտենցիալ, փորձում ենք տղաներին ևս ներգրավել, մեր հարթակը չունի միայն ցանկությունն է և գիտելիքը:
Գիտելիքը բիզնես դարձնելու, իսկ բիզնեսը հաջողելու համար այս թիմում վստահեցնում են՝ պետք է ընդամենը երազանք և թիմ, իսկ այդ հաղթող թիմը կարելի է կազմել րոպեների ընթացքում: