Արցախի Հաթերք գյուղում ընդունում են տեղահանվածներին: Նոր հասցեներում վերաբնակներն ապրում են ժամանակավոր, մինչև պետությունն իրենց համար տուն կառուցի: Համայնքի ղեկավարի խոսքով՝ պատրաստ են ավելի քան 200 ընտանիքի ընդունել:
Վարդան Գրիգորյան (Հաթերք համայնքի ղեկավար) - 200-ից ավելի տուն ունենք: Մենք դրանք հաշվառել ենք: 200 տանն ի վիճակի ենք ընտանիք տեղավորել:
Արցախի վերջին պատերազմից հետո՝ 40 մլն դրամ պետական ֆինանսավորմամբ, գյուղում 15 տուն են բարեկարգել, ծրագիրը, սակայն, շարունակվելու է: Կարճ ժամանակում լքված տները նորոգելու և տրամադրելու են դրանց կարիքն ունեցողներին:
Արմեն Ավանեսյան (աշխղեկ) - Բնակֆոնդ շատ ունենք: Հիմնականում այդ տներից ենք օգտվում՝ աշխատելով խուսափել, որովհետև շատ սուղ են ժամկետները դրված: Աշխատում ենք դրանով սահմանափակվել: Օգտագործում ենք այն տները, որտեղ չեն բնակվում՝ կամ տերերն են արտասահմանում տամ տիրազուրկ են:
Մելինեն, Արկադին և Արմինեն դեկտեմբերի սկզբից հաճախում են Հաթերքի միջնակարգը: Մայրն ու երեխաները սեպտեմբերի 27-ին տեղահանվել են Մատաղիսից՝ չհասցնելով անգամ հագուստ վերցնել: Հայրը զինվորական է: Ասում են՝ Հաթերքում ջերմ են ընդունել, արդեն հարմարվում են:
Արևիկ Բադալյան (տեղահանված) - Պայմաններ չեն եղել, արդեն ստեղծել են: Բաղնիք ու զուգարան են կառուցել, ջուրը կա, մնում է մշտական լինի: Ինչն էլ չի եղել, գնել եմ, օգնություն ստացել եմ:
Ժամանակավոր կացարանների համար տեղահանվածները վարձ չեն տալիս: Իսկ սեփականատերը, այդ ընտանիքների հեռանալուց հետո, ունենում է բարեկարգված տուն:
Վարդան Գրիգորյան - Մի քանի անգամ բարձրաձայնել եմ՝ ամոթանք եմ տալիս այն համայնքներին, այն քաղաքներին, որ վարձով են բնակարանները տալիս նման ընտանիքներին: Ու չեմ զլանում մի անգամ նորից ասեմ: Բոլորս պետք է համարենք, որ մենք են իրենց փոխարեն: Մենք մեր գյուղում արգելել ենք՝ նման բան չի լինելու: Վարձով ոչ մեկին տուն չենք տալու:
Շուտով Հաթերքում ևս 15 տեղահանված ընտանիքի կընդունեն: