Վարդգես Հովհաննիսյան (Ստարտափ դպրոցի աշակերտ) - Ուզում եմ թռչող մեքենաներ սարքեմ, որ խցանումներ չլինեն:
Ամենաանհավանական թվացող երազանքի հետևից են գալիս շաբաթը 2 օր Ստարտափ դպրոցի 12-16 տարեկան ապագա ձեռներեցները: Նորարարական դպրոցում սովորում են՝ ինչպես կառավարել ժամանակը: Այստեղ գիտեն իրենց ինչպես գնահատել:
Վահե Գինոսյան (աշակերտ) - Ես ուժեղ եմ մաթեմատիկայից, ֆիզիկայից, ծրագրավորումից, այսինքն՝ ալգորիթմային մտածելակերպ ունեմ, կարելի է ասել:
Լիլիթ Յուզբաշյան - Ստեղծել մի ծրագիր, որ մեր տարիքի երեխաներին կօգնի իրար հետ ավելի լավ շփվել, ծանոթանալ Հայաստանի հետ:
Այսպես 5 ամիս պատանիները կբացահայտեն, նախ իրենց ուժեղ կողմերը, հետո կսովորեն միտքը մոդել դարձնել, իսկ դասերի ավարտին արդեն պիտի ներկայացնեն իրենց պատրաստի ստարտափը:
Արսեն Հարությունյան («Ստարտափ Արմենիա» հիմնադրամի տնօրեն) - Մեր մտադրությունների ու ցանկությունների մեջ է մտնում նաև 7 տարեկանից սկսած երեխաների համար ծրագրեր ստեղծել, ինչու չէ՝ նաև հնարավոր է դառնա ստարտափ յունիվերսիթի, բայց մենք ուզում ենք կոտրել կարծրատիպերը, որ բիզնեսով պիտի զբաղվեն 18 տարեկանից հետո, բայց գոնե տեխնիկական գիտելիքներ ունենան, որ հնարավորինս շուտ մտածեն ձեռներեցության մասին:
Հայաստանի 9 համայնքում են օգնել պատանիներին նորարարական կրթություն ստանալ: Նոր ծրագիրը կշարունակվի մայրաքաղաքում:
Արսեն Հարությունյան - ընկերություններից շատերը երեխաների համար հնարավորություններ ստեղծեցին ու նաև գումարային աջակցություն ստացան ու շատ ոգևորված էին:
Ապագա ձեռներեցները նաև Սևանի ամենամեծ ստարտափ հանդիպմանն են մրցել, ակումբի պատանիներն էլ նույնիսկ ֆինանսավորում են ստացել:
Եվ այս ամենին հասել էին խաղերով, մտքի վարժանքով ու թիմային աշխատանքով` առանց տնային առաջադրանքների: Եվս 5 ամիս, ու գուցե այս դասարանից Վարդգեսն իր թռչող մեքենան նախագծի: Կատակում է՝ հաջորդ հանդիպումը՝ օդում: