ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Քննարկվել են 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում ֆիքսված՝ Լեռնային Ղարաբաղի հարցով պայմանավորվածությունների իրականացման պրակտիկ ասպեկտները: Գոհունակությամբ արձանագրվել է, որ կրակի դադարեցման ռեժիմը անշեղորեն կատարվում է, իսկ իրավիճակը տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, մնում է կայուն ու հանգիստ:
Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը բարձր են գնահատել շփման գծում և Լաչինի միջանցքի երկայնքով ռուս խաղաղապահ զորակազմի արդյունավետ գործողությունները: Շոշափվել են նաև Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման հետ կապված հարցեր: Այս կոնտեքստում դրականորեն մատնանշվել է երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ գործող աշխատանքային խմբի գործունեությունը: