Մոմեր ջերմոցներում՝ ցրտից պաշտպանելու համար։ Գազիֆիկացման ծրագրից դուրս մնացած Արաքս, Մեծամոր, Հայկաշեն գյուղերի բնակիչներն արդեն քանի տարի է՝ այլընտրանքային ինչ միջոց ասես չեն կիրառել՝ բույսի կյանքը թաղանթե տանիքի տակ պաշտպանելու համար։ Բայց, ասում են, մոմի ծուխն էլ ի՛ր վնասն ունի։
Անահիտ Զաքարյան (Արաքս համայնքի բնակիչ) - Մոմը վառվում է, ծուխը նստում է տերևի վրա ու վնասում է։
Գազ չունենալու պատճառով ջերմոցատերերը ապրուստը կորցնելու մշտական վախի մեջ են։ Ահռելի ներդրում են անում, բայց չեն կարողանում ծածկի տակ կայուն ջերմաստիճան ապահովել։
Սուսաննա Թադևոսյան (Արաքս համայնքի բնակիչ) - Տաք ու սառից խաշվել է: Իսկ որ գազ լինի, կայուն ջերմաստիճան կլինի՝ չի փչանա։
Հասան Ավդոյան (Մեծամոր համայնքի բնակիչ) - Տարին 700 հազարի ցախ եմ անում, դա չեմ կարո՞զ գազի վարձ տալ, որ մենք էլ մաքուր նստենք։
Ովքեր հնարավորություն ունեն, փայտ կամ էլեկտրաէներգիա են օգտագործում, ովքեր չունեն՝ տաքությունն ապահովում են ջերմոցի մեջ կրկնակի ջերմոց ստեղծելով:
Սուսաննա Թադևոսյան - Էս պահին 4 տակ ենք ծածկում` ցրտից պահելու համար, եթե գիշերը բաց թողենք՝ կցրտահարվի։ Մեկ ամիս սենց բացում-փակում ենք։
Վարդան Գրիգորյան (Արաքս համայնքի ղեկավար) Սպասվում է 8 աստիճան ցուրտ, պատկերացրեք՝ ինչ դաժան է լինելու էս մարդկանց համար:
Թաթոյաններն ապրում են Թուրքիային սահմանակից Արաքս գյուղում, որի մշակելի հողերից 600 հա-ը սահմանային գոտում է: Գյուղացիներն իրենց հողերը լիարժեք չեն մշակում․ դա է պատճառը, որ ապրուստը հոգալու համար ջերմոցային տնտեսություններ են հիմնում։
Ռոբերտ Թաթոյան (Արաքս համայնքի բնակիչ) - Եթե գազ ունենայինք, բույսն ավելի մեծ կլիներ, արդեն կքաղեինք։ Որ վառելիք չունենք՝ ուշ ենք դնում:
Նշան Հովակիմյան (Մեծամոր համայնքի բնակիչ) - Ով գազ ունի, մեկ ամիս շուտ դնում է, իրենք թանկ վաճառում են, մենք` էժանով։
Ջերմոցները փայտով կամ հոսանքով տաքացնելը շահութաբեր չէ: Ծախսն ավելանում է, առողջ բերք ստանալու հավանականությունը՝ նվազում, ինքնարժեքը՝ բարձրանում: Արևի հույսին մնալու ռիսկն էլ մեծ է։ Վարունգ, լոլիկ ու պղպեղ աճեցնելը թանկ հաճույք է․ սերմի մեկ հատը գնում են 35-40 դրամով։ Դրանց սածիլները փչանալու դեպքում ֆինանսական ահռելի կորուստ են ունենում։
Սերժիկ Շահինյան (Մեծամոր համայնքի բնակիչ) - Սածիլանոցս է, այստեղ էլ վարունգն է դրված, ցելոֆան ենք առել, քաշել վրան։
Ջերմատնային տնտեսություն մեջ մասնագիտացած համայնքները գազիֆիկացնելու խնդրանքին արձագանքել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։
Գազպրոմից տեղեկացնում են. նշված համայնքների գազիֆիկացման համար անհրաժեշտ է կառուցել մոտ 57 800 մետր երկարությամբ, միջին և ցածր ճնշման վերգետնյա գազատար և տեղադրել 3 հատ պահարանային գազի կարգավորիչ։ Այդ աշխատանքների իրականացման համար, նախնական գնահատումներով, կպահանջվի մոտ 700 մլն դրամի ներդրում։ Հայտնում ենք, որ «Գազպրոմ Արմենիայի» ներդրումային ծրագրով 2021 թվականին գազաբաշխիչ ցանցի ընդլայնման աշխատանքներ նախատեսված չեն։
Իսկ Արմավիրի մարզպետը, այնուամենայնիվ, գազիֆիկացնելու տարբերակ տեսնում է։
Համբարձում Մաթևոսյան (Արմավիրի մարզպետ) - Համայնքների խոշորացման ծրագիրն ավարտվելուն պես կունենանք մեծ բյուջեով համայնքներ և հնարավորություն՝ 2 տարվա ընթացքում կառավարության համաֆինասավորմամբ ծրագիրը կյանքի կոչելու։
Ջերմոցատերերը հույս ունեն, որ իրենց բիզնես-առաջարկը մի օր կհետաքրքրի «Գազպրոմ Արմենիային»։