Մարտի 13-ին հրավիրած հանդիպման ձևաչափի մասին հայտարարություն կլինի բոլոր հրավիրյալների արձագանքը ստանալուց հետո՝ տեղեկացնում են նախագահի աշխատակազմից: Արմեն Սարգսյանը վարչապետին, խորհրդարանական խմբակցությունների և «Հայրենիքի փրկության շարժման» ղեկավարներին հանդիպման էր հրավիրել՝ ճգնաժամի՝ փոխըմբռնելի լուծումներ գտնելու համար:
Դրան հաջորդեցին «Հայրենիքի փրկության շարժման» նախապայմանները: Պատրաստ են մասնակցել նախագահի առաջարկած հանդիպմանը, բայց այն, ըստ շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանի, պետք է լինի հստակ օրակարգով, ուղիղ հեռարձակմամբ ու նախագահի առաջարկած ձևաչափի պահպանմամբ:
Իշխան Սաղաթելյան («Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ) - Եթե այդ երեք պայմանը պահպանվի, պատրաստ ենք, որովհետև գտնում ենք, որ, իրոք, երկիրը խոր համակարգային ճգնաժամի մեջ է, և անհրաժեշտ են հրատապ լուծումներ: Եթե դա կլինի մեր ասած օրակարգով և պայմաններով, այսինքն՝ ձևական բնույթ չի կրի հանդիպումը, պատրաստ ենք: Հանդիպման օրակարգը պետք է լինի վարչապետի հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, արտահերթ ընտրություններ:
«Լուսավոր Հայաստանը» համոզված է՝ ձևաչափը հրավիրող կողմն է որոշում, «Հայրենիքի փրկության շարժման» առաջ քաշած նախապայմանները Էդմոն Մարուքյանը չի մեկնաբանում: Իր քաղաքական ուժն առաջինն է արձագանքել նախագահի հրավերին: Խմբակցության ղեկավարը հաստատում է մոտեցումը՝ պատրաստ են քննարկման առանց նախապայմանների:
Էդմոն Մարուքյան (ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար) - Մենք պատրաստ ենք ցանկացած ֆորմատով քննարկումներին, ցանկացած օրակարգով, միայն թե կարողանանք ելքեր գտնել էս վիճակից դուրս գալու համար: Կլինի Կառավարությունում, Ազգային ժողովում, փողոցում, սարերում, օդում, ջրում, ցամաքում՝ պատրաստ ենք:
Վաղը սպասվող հանդիպման ձևաչափին անդրադառնալով՝ «Իմ քայլից» շեշտեցին՝ իրենք ընդունել են նախագահի՝ կոնկրետ օրակարգով հրավերը: Ընդդիմության առանձին ներկայացուցիչների հայտարարություններին ոչ թե իրենք, այլ նախագահի գրասենյակը պետք է արձագանքի:
Հայկ Կոնջորյան (ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Վարչապետը հայտարարել է, որ մենք պատրաստ ենք քննարկումներ անցկացնել արտահերթ ընտրությունների գնալու հարցի շուրջ քննարկումներ կազմակերպելու, և ըստ էության՝ մեր օրակարգը հայտնի է, հրապարակային հնչեցվել է, մեր դիրոքրոշումները լինելու են այդ գաղափարի շրջանակում:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ավելի վաղ «Լուրեր»-ին ասել էր՝ չեն քննարկել Արմեն Սարգսյանի առաջարկը: Նրանցից արձագանք դեռ չկա: Հանդիպմանը մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ տեղեկություն չկա նաև վարչապետի գարսենյակից: