ԵԿՄ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
ՀՀ ԵԿՄ վարչությունը, գիտակցելով իրավիճակի լրջությունը, պետության ամրապնդման, ինչպես նաև ՀՀ ԶՈՒ հզորացման անհրաժեշտությունը, հայտնելով մեր հավատարմությունը Ազատամարտի մասնակիցներին, ազգային գաղափարները կրող, ազգի ճակատագրով մտահոգ, հայրենասեր, հայրենատեր մարդկանց համախմբման կոչ է անում։
Սթափվել է պետք. հակառակորդ երկրի ղեկավարն արդեն հոխորտում ու սպառնում է Զանգեզուրը նվաճելով, ուստի․
1. Հայաստան պետության համար վճռորոշ այս իրավիճակում անհրաժեշտություն է պետական բոլոր կառույցների և մարմինների ամրապնդումը, աններելի է ներքին անկայունության շարունակությունը:
2. Իշխանությունը ժամ առաջ ամբողջական գործնական ծրագիր ներկայացնի ներկայումս երկրում ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
3. Գերակա խնդիր համարել պետության ներքին կայունության վերականգնման ու հաստատման անհրաժեշտությունը, դիմագրավել այն քաղաքական ուժերին ու անհատ բախտախնդիրներին, ովքեր իրենց գործունեությամբ ապակայունացնում են իրավիճակը։
4. Անմնացորդ նվիրվել զինծառայողների մարտական ոգու և հայրենասիրության հետագա ամրապնդման գործին։
5. Նպաստել երկրում համերաշխության հաստատմանն ու առճակատող բևեռների հարթեցմանը։
6. Մենք այսօր մեր հավատավոր միասնությամբ, սթափ և ճկուն քաղաքականությամբ ի զորու ենք և պարտավոր դիմակայել արտաքին ու ներքին դժվարություններին ու մարտահրավերներին, ինչպես կարողացանք անել 1988-1994 թթ․։
7. Արցախի անկախության համար նահատակված մեր հերոսների՝ Արցախն անկախ տեսնելու հույսն ու հավատը երբեք չկորցնենք։
8. Ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ «Հաղթել են, պետություն են ստեղծել այն ժողովուրդները, որոնք պատերազմի կես ճանապարհին չեն հոգնել․․․»։
ԵԿՄ-ն կոչ է անում՝ ոչ թե հոգնենք, ոչ թե հուսահատվենք ու մեր ապագան թողնենք բախտի քմահաճույքին, այլ համախմբվենք ազգովի և գործենք ի շահ մեր պետության, պետականության ու ժողովրդի»: