Ադրբեջանական փողեր՝ Գերմանիայի Բունդեսթագում: Բաքվից կաշառք վերցնելու կասկածի պատճառով արդեն երրորդ գերմանացի պատգամավորն է հրաժարվել մանդատից: Նա նույնպես իշխող «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցությունից է: Մարկ Հաուպտմանը մեղադրվում է իրեն պատկանող թերթում Ադրբեջանը գովազդելու համար՝ Բաքվում անցկացված Եվրոպական խաղերից մինչև շոփինգ փառատոն, ինչի դիմաց, ըստ գերմանական Spiegel-ի`պատգամավորը հազարավոր դոլարներ է ստացել Բեռլինում Ադրբեջանի դեսպանատնից։ Պատգամավորը հերքում է մեղադրանքը, բայց նաև հրաժարվել է ներկայացնել գովազդից ստացած եկամտի մասին փաստաթղթերը:
Die Welt-Ադրբեջանից երբեք փող չեմ ստացել, թանկարժեք նվերներ չեմ ընդունել, իսկ Ադրբեջան կատարած բոլոր ճամփորդություններիս համար վճարել է Բունդեսթագը: Նրանք տեղյակ են եղել: Կտրականապես համաձայն չեմ այս մեղադրանքների հետ: Ես երբեք փող չեմ ունեցել և իմ քաղաքական գործունեության վրա որևէ ազդեցություն երբեք չի եղել:
Հաուպթմանը պարզաբանել է, որ դա իր քաղաքական գործունեության արտաքին առևտրային հարցերով պայմանավորված հատվածն էր: Պարզապես Գերմանիան արտահանող երկիր է: Այդ գործունեությունն ինչ օգուտ է տվել Բեռլինին՝ պաշտոնյան դժվարացել է ասել: Իսկ ըստ գերմանական Spiegel-ի՝ 36-ամյա քաղաքական գործիչը շարունակաբար աջակցել է ավտորիտար, նավթով հարուստ այդ երկրին:
Spiegel - Բունդեսթագի գործնարար իմիջով պատգամավորը: Մարկ Հաուպտմանը կանոնավոր կերպով քարոզարշավ է իրականացնում Ադրբեջանի օգտին: Ի պատասխան՝ կովկասյան այդ երկիրն էլ գովազդ է տեղադրում Հաուպտմանի կայքում:
Ի դեպ, պատգամավորի այդ կայքն այսօր չի գործում: «Վելթ» թերթի հետ հարցազրույցում նա ասել է, որ վախենում է ընտանիքի համար և, որ իրեն հաճախ են անհանգստացնում և պարզաբանումներ խնդրում:
Սա Կանցլերի պաշտոնը երկար տարիների աշխատանքից հետո լքող, Անգելա Մերկելի կուսակցությունում Ադրբեջանի հետ գործարքի առաջին դեպքը չէ: Օրեր առաջ Բունդեսթագը Աքսել Ֆիշերին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից: Ամենայն հավանականությամբ Ֆիշերն ադրբեջանամետ լոբբի է իրականացրել ԵԽԽՎ-ում՝ կանխելով Ալիևի ռեժիմին ուղղված եվրոպական քննադատությունները: Դրա համար պատգամավորին Ադրբեջանը 2008-2016 թթ. պարբերաբար և շռայլորեն վարձատրել է: Վարձատրության չափը հետաքննությունը չի պարզել: Եվս երկու գերմանացի պատգամավոր են զրկվել մանդատից՝ Եվրոպայում Ադրբեջանի վարկանիշը բարձր պահելու համար:
Օրինակ Կարին Շտրենցը գերմանացի միակ պատգամավորն էր Եվրոպայի խորհրդում, որը 2015-ին դեմ էր քվեարկել բանաձևին, որը պահանջում էր Բաքվից անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին: Այս մեղադրանքները սկսվեցին դիմակների սկանդալից: Պատգամավորներ Նիկոլաս Լյոբելը և Գեորգ Նյուսլենը ներգրավված էին դիմակների չթույլատրված արտադրության մեջ: