Երևանում տրանսպորտով տեղաշարժվելը մղձավանջ է դառնում: Ժամեր կան՝ չես ուզում, թե քշես՝ դժգոհում են մեքենայով գումար վաստակող տաքսու վարորդից մինչև ուղևոր:
Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկն է: Քիչ ներքև՝ քաղաքական բողոքի վրանային ճամբարը: Ակցիայի պատճառով Երևանի կենտրոն իջնող-բարձրացող հիմնական ճանապարհներից մեկի փակվելը ծանրացրել է նաև Սարալանջից մինչև Մյասնիկյան մյուս ուղղությունների բեռնվածությունը: Տեղում ավտոների շարժը կարգավորել փորձող Ճանապարհային ոստիկանները 2 շաբաթ է՝ դեպի օպերա ավտոյով թույլատրում են իջնել միայն տարածքի բնակիչներին:
Տիգրան Ավոյան (ՃՈ առաջին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ) -Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից ներքև ոչ մի հանրային տրանսպորտ չի իջնում:
Հանրային տրանսպորտից՝ Բաղրամյան պողոտայով, անցնում է 9 ավտոբուսային, 4 միկրոավտոբուսային և 1 տրոլեյբուսային երթուղի: Ըստ քաղաքապետարանի՝ տրոլեյբուսների աշխատանքը ժամանակավորապես կասեցված է: Ավտոբուս-միկրոավտոբուսները Բաղրամյանի փակ հատվածը շրջանցում են Օպերայից բարձրանալիս՝ Սարյան կամ Մաշտոցի պողոտա ուղղությամբ, Բարեկամությունից իջնելիս Պռոշյան-Պարոնյանով: Նեղ է, խցանումներն անպակաս, բայց ուրիշ տարբերակ չկա:
Ում համբերությունը չի հերիքում, ովքեր կարող են, խցանումներով տրանսպորտի փոխարեն մանկապարտեզ թե աշխատանքի գնալիս այս փուլում ընտրել են քայլելը: Օպերայից ոտքով ավելի արագ է ստացվում, քան Պռոշյանը՝ մեքենայով:
Որոշ ավտոբուս-միկրոավտոբուսների երթուղու փոփոխության, կանգառում դրանց երկար սպասելու դժգոհությունները վերջերս շատացել են: Քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը խոստովանում է. պատահել են նաև դեպքեր, երբ այնպիսի վատ խցանում է եղել, որ վարորդը ճանապարհի կեսից հրաժարվել է քշել, մարդկանց իջեցրել, վերադարձել է ելքի կետ:
Էդգար Գալստյան (Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ) - Կա որոշակի ժամանակահատված, որ Պռոշյանը նույնպես կարող է փակվել կամ խցանվել, այդ ժամանակ հնարավոր է նման շրջադարձ իրականացնել Բարեկամության հրապարակից, սահմանափակվել էդ հատվածով, ու վերադառնալ, նախկին ուղեգծով շարունակել, բայց խնդրել ենք կազմապերպող օպերատորներին, որ խուսափեն նման դեպքերից:
Երթևեկությունը մայրաքաղաքում, ըստ Ճանապարհային ոստիկանների, գերծանրաբեռնված է լինում հատկապես աշխատանքային օրերին՝ առավոտ-երեկո, գործի գնալ-վերադառնալու ժամերին:
Տիգրան Ավոյան (ՃՈ առաջին սպայական գումարտակի 4-րդ դասակի ավագ տեսուչ) - Եթե բալային գնահետենք՝ ժամեր ա լինում, որ 5 բալային սանդղակով 5 բալ, բայց հիմնականում 3 բալ:
Խցանման մեջ չնյարդայնանալու միակ տարբերակը քայլելն է: Եթե անիվների վրա, ուրեմն՝ հեծանիվ: