Հայաստանցի վավերագրող լուսանկարչի աշխատանքները միջազգային հեղինակավոր մրցույթի հաղթողներից են: Հայաստանն առաջին անգամ է մասնակցել «World Press Photo»-ին, Վաղինակ Ղազարյանը հավերժացրել է Արցախի պատերազմին մասնակցած զինվորների ապրումներն ու փորձել փոխանցել նրանց զգացմունքները:
Վաղինակ Ղազարյան, լուսանկարիչ - Այդ պատկերը, որ ես տեսա, ուղղակի կանգ առա, ինձ ուղեկցողին ասացի՝ հանկարծ չշարժվեն, որ չարթնանա:
Շշուկներն արթնացրին խրամատում քնած զինվորին, բայց մեկ կադր հասցրեց ֆիքսել: Հեռախոսով էր, արգելել էին տեսախցիկով նկարել:
Վաղինակ Ղազարյան - Դա խորհրդանշական է ինձ համար: Ասես ամբողջ հայ ժողովուրդը լինի, որ ամուր, պինդ թիկունքով, բայց կարծես թե քնած է:
Արցախյան վերջին պատերազմը վավերագրողներից լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանն իր հազարավոր լուսանկարներից հենց սա ընտրեց ու որոշեց առաջին անգամ մասնակցել ֆոտոլրագրության ամենահեղինակավոր մրցույթներից մեկին:
Վաղինակ Ղազարյան - Եթե ինչ-որ բանի մասնակցում ես, քո հոգու խորքում ցանկություն կա հաղթանակի, բայց չէի սպասում, որ միջազգային ժյուրին նրբանկատ ուշադիր կգնտնվի, որ սա իր համար նշանակություն կունենա: Դրա համար ուղարկեցի ու մոռացա:
Նաև չի հիշում, թե քնած զինվորն ով է, չհասցրեց կարգին ծանոթանալ: Հիմա նրան է փնտրում: Իսկ օրերս նամակով տեղակացավ, որ դեռևս անծանոթ զինվորի լուսանկարը World Press Photo մրցույթում «Ժամանակակից խնդիրներ» անվանակարգում ընդգրկվել է 3 հաղթող լուսանկարների շարքում:
Հայաստանն առաջին անգամ է ներկայացել մրցույթին, ու մեր երկիրը ներկայացնող լուսանկարիչը միանգամից հաղթողների մեջ է: 1-ին, 2-րդ, թե 3-րդ տեղը կզբաղեցնի նկարը՝ հայտնի կդառնա ապրիլին:
Վաղինակ Ղազարյան - Արդեն կարևոր չէ՝ 1-ին, թե 2-րդ, որովհետև մոտ 5 հազար լուսանկարների միջից է ընտրվել: Խնդիրը նույնիսկ լուսանկարի մեջ չէ: Կարևոր է այն առումով, որ հայկական թեման է բարձրացվում:
Արցախի ու պատերազմի թեման ֆոտոլրագրության հայտնի մրցությում բարձրացրել է նաև Ռուսաստանը ներկայացնող Վալերի Մելնիկովն իր «Կորցրած դրախտ» շարքով, որը ևս հաղթողների թվում է մի քանի անվանակարգում։
Վաղինակ Ղազարյան - Սա աննախադեպ է, որ Հայաստանը մրցանակաբաշխության ժամանակ այսքան կատեգորիաներում ներկայացված լինի և, առհասարակ, ներկայացված լինի: Սա Մելնիկովի ու ինձ համար կարծես բարոյական հաղթանակ լինի:
Պատերազմը վավերագրեց առաջին օրվանից՝ սեփական մեքենայով շրջելով Արցախում ու Սյունիքի սահմաններում, հասցրեց հիանալ ու ոգեշնչվել մեր տղաների արիությամբ:
Վաղինակ Ղազարյան - Տեսեք, այստեղ վախ տեսնո՞ւմ եք, սա հաղթող կերպարն է իրականում:
Ափսոսանքով նշում է՝ միայն Հադրութում լինել չհասցրեց: Մինչև հունվար Արցախում լուսանկարչի ֆոտոթիրախում են հայտնվել սահմանը պահող տղաներից մինչև սեփական տունը լքող ու այրող արցախցիներ: Խոստովանում է՝ ավելի դժվար էր լուսանկարել պատերազմի ավարտից հետո:
Մրցանակաբաշխությունը կկայանա ապրիլի 15-ին՝ համավարակի պատճառով՝ առցանց ձևաչափով։