Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին չի մասնակցելու ընդդիմության հետ բանակցություններին՝ գրում է aliq-ը: Իշխող թիմից ներգրավված են «Վրացական երազանքի» ղեկավար Իրակլի Կոբախիձեն, խորհրդարանի ղեկավար Արչիլ Թալակվաձեն, փոխխոսնակ Կախա Կուչավան:
Եվրամիության ղեկավարի հատուկ ներկայացուցիչ Կրիստիան Դենիելսոնը հանդիպել է հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու հետ:
Նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Զուրաբիշվիլին ողջունել է կառավարության պատրաստակամությունը, վստահություն է հայտնել, որ շվեդ դիվանագետի այցը կլինի արդյունավետ, իսկ նրա փորձը կօգնի երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը: Ըստ Զուրաբիշվիլիի` գործընթացը ճիշտ ուղով է ընթանում, սակայն ելք գտնելու համար պետք է մեղմացնել հռետորաբանությունն ու տեղափոխվել բանակցությունների սեղան:
Հիշեցնենք` Կրիստիան Դենիելսոնը որպես բանակցությունների հատուկ միջնորդ նշանակվել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից, որը Թբիլիսիում էր մարտի 1-2-ը: Եվրոպացի դիվանագետը կողմերին կոչ էր արել երկու շաբաթվա ընթացքում կոմպրոմիսի գալ, գտնել քաղաքական ճգնաժամը հարթելու ուղիներ: