Մենք բացարձակապես անընդունելի ենք համարում Հայրենական մեծ պատերազմի տարիներին նացիզմի դեմ հերոսաբար կռվողների հիշատակի պղծման ցանկացած դրսևորում: Այս մասին իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Արցախի Քարինտակ գյուղում ադրբեջանցի զինծառայողների կողմից վանդալիզմի հերթական դրսևորումը:
«Նշված տեղեկատվությունը ստուգվում է, և հաստատվելու դեպքում ակնկալում ենք, որ ադրբեջանական կողմը կձեռնարկի բոլոր համապատասխան միջոցները իրավիճակը շտկելու համար: Կցանկանայի հիշեցնել, որ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը համակարծիք են, որ նացիզմի դեմ հաղթանակը ձեռք է բերվել Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների անհավատալի ջանքերի գնով, և մեր պարտքն է պահպանել այդ հիշողությունը հանուն գալիք սերունդների:
Կարծում եմ, որ Կարմիր բանակի ու խորհրդային զինվորների հուշարձանների պղծման թեման պատշաճ կերպով չի արտացոլվում ինչպես ԶԼՄ-ներում, այնպես էլ հասարակության մեջ: Այսօր էլ՝ ճեպազրույցի ժամանակ, մենք բարձրացրինք մի թեմա, որն անմիջականորեն կապված է Հայրենական մեծ պատերազմի, Երկրորդ աշխարհամարտի և խորհրդային զինվորների հուշարձանների հետ: Ցավոք, ես չեմ տեսնում զանգվածային աջակցություն ո՛չ իմ գործընկերների, ո՛չ էլ լրատվամիջոցների կողմից:
Օրինակ, ԵՄ երկրներում ես չեմ տեսնում հուշարձանների, խորհրդային զինվորների հուշարձանների ճակատագրի հետ կապված որևէ մտահոգություն: Բայց, ի վերջո, միայն նշված տարածքում չէ, որ գտնվում են Կարմիր բանակի ու նրա զինվորների հուշարձանները: Ի վերջո, ոչնչացվել են հսկայական թվով հուշարձաններ, որոնք, մասնավորապես, նվիրված են եղել ազգությամբ հայ զինվորների: Մենք կոչ ենք անում, խնդրում և առաջարկում ենք միասնաբար արձագանքել յուրաքանչյուր նման դեպքի: Անհրաժեշտ է պաշտպանել պատմական ճշմարտությունը: Դա կօգնի, որպեսզի պղծումները ոչ մի տեղ չկրկնվեն»,- ասել է Զախարովան: