Grammophone Award, Diapason d’or և այլ հեղինակավոր մրցույթների մրցանակակիր, անվանի ջութակահարուհի Իզաբել Ֆաուստը հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ։
Համերգը տեղի կունենա մարտի 16-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում: Իզաբել Ֆաուստի կատարմամբ կհնչի Բեթհովենի ջութակի կոնցերտը: Ֆաուստը համարվում է այս կոնցերտի լավագույն կատարողներից: Երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի Թիվ 8 սիմֆոնիան, համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը: Ֆաուստը նվագում է յուրահատուկ հնչողություն ունեցող Ստրադիվարիուսի 1704թ.ին կերտված «Քնած գեղեցկուհի» ջութակով:
Իզաբել Ֆաուստն ամուր բարեկամական կապեր ունի Հայաստանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ: Սա նրա երրորդ համագործակցությունն է նվագախմբի հետ: Առաջին անգամ Ֆաուստը ելույթ է ունեցել Հայաստանում՝ Ֆիլհարմոնիկ նվագախմբի Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի բացման համերգին (սեպտեմբեր 11, 2013թ.)՝ կատարելով Մոցարտի Ջութակի թիվ 1 և 4 կոնցերտները: Երկրոդ ելույթը եղել է Ֆինլանդիայի «Տամպերե» համերգասրահում, որը սկանդինավյան երկրների ամենախոշոր համերգային կենտրոնն է: Այդ համերգով Ֆիլհարմոնիկը բացեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համաշխարհային մեծ շրջագայությունը (11 ապրիլ, 2015), համերգին Ֆաուստը կատարեց Շիմանովսկու Ջութակի կոնցերտը: Երկու համերգներն էլ անցել են Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ:
Իզաբել Ֆաուստը հայերի կողքին էր նաև արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ, հարցազրույցներից մեկում նա նշել է. «Իմ սիրտը բաբախում էր բոլոր հայերի համար»: