«Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) նախաձեռնությունը ներկայացրել է նոր նախագիծ, որի նպատակն է Հայաստանի մարզերում, Արցախում և Ջավախքում բնակվող ակտիվ և նախաձեռնող երեխաներին անգլերեն սովորեցնել:
«Աշխատելով մարզերի երեխաների հետ՝ մենք նկատեցինք, որ մի շարք հմտությունների բացակայության հետ մեկտեղ կա նաև լեզվի իմացության խնդիր: Անգլերենը շատ կարևոր է ինքնուսուցման համար»,- ասում է նախագծի համակարգող Ստելլա Ավետիքյանը:
Այս պահին թիմը հավաքագրման փուլում է: Երկու օրում մոտ 250 մարդ է գրանցվել անգլերենի դասընթացների համար: Նախաձեռնության նպատակն է մինչև 2022 թվականի հունվարը մարզերից մոտ 1000 երեխայի զինել լեզվական գիտելիքներով: ՄԵՄ-ը կաջակցի նրանց Հայաստանում և Սփյուռքում աշխատանք գտնելու հարցում:
«Անգլերեն բոլորի համար» նախագծի լեզվի ուսուցիչներն աշխատելու են կամավոր հիմունքներով: Մոտ 50 մասնագետ արդեն ցանկություն է հայտնել միանալ նախաձեռնությանը:
«Ուսուցիչներին հարցազրույցների միջոցով ենք ընտրելու: Փորձելու ենք հասկանալ՝ որն է իր՝ մեր թիմին միանալու մոտիվացիան, քանի որ երեխաների հետ աշխատելը այդքան էլ հեշտ չէ: Կարևոր է նաև երեխաների մոտիվացիան. անդամագրվելուց զատ նրանք պետք է պարտաճանաչ ներկա լինեն դասերին»,- ասում է նախաձեռնող թիմի անդամ Անի Ղազարյանը:
Նախագիծը կմեկնարկի հավաքագրման փուլից անմիջապես հետո: Ստելլան նշում է, որ մեծահասակները նույնպես ցանկություն են հայտնել մասնակցելու դասընթացներին:
«Տարբեր ոլորտի մարդիկ են մեզ հետ կապվել և ցանկություն հայտնել մասնակցելու դասընթացներին: Բնականաբար չենք մերժում, որովհետև մեզ համար կարևոր է այս նախագծի մեջ ներգրավել ոչ միայն մարզերի երեխաներին, այլև բոլոր այն մարդկանց, որոնք ուզում են զարգանալ, սովորել, ինքնակրթվել»,- ասում է նա:
Հեղինակ՝ Հռիփսիմե Հայրապետյան