ԱԱՀ վերադարձի ժամանակաշրջան է հաստատվել յուրաքանչյուր հաշվետու ամիսը՝ գործող եռամսյակի փոխարեն. Կառավարությունն այսօր հավանություն տվեց Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծին:
«Առաջարկվում է ԱԱՀ-ի վերադարձի ժամանակաշրջան նախատեսել յուրաքանչյուր հաշվետու ամիսը՝ գործող եռամսյակի փոխարեն: Նպատակ ունենալով կատարելագործել ԱԱՀ վճարման ընդհանուր գործընթացը՝ նշված առաջարկը հնարավորություն կտա տնտեսվարողին չսպասել մինչև եռամսյակի ավարտը և ամսական արդյունքներով հետ ստանալ սահմանին կամ ներքին տնտեսության մեջ վճարված ԱԱՀ գումարները»,- տեղեկացրեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը:
Կարգավորումը հնարավորություն կտա տնտեսվարողին ավելի արագ տնօրինելու շրջանառու միջոցները և այն ներարկել դեպի տնտեսություն: Միաժամանակ՝ պարզեցված ընթացակարգով ԱԱՀ վերադարձի եռամսյակի համար նախատեսված 40 միլիոն սահմանաչափը նախատեսվում է յուրաքանչյուր ամսվա համար, և ըստ այդմ՝ եռամսյակային կտրվածքով այդ հնարավորությունը պարզեցված ընթացակարգով հարկի գումարներ ստացող տնտեսվարողների համար եռապատկվում է:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2018-ին այս համակարգը գործում էր 6-ամսյա տրամաբանությամբ, երբ ընկերություններն արտահանում էին արտադրանք, այն ժամանակվա օրենսդրությամբ ավելացված արժեքի հարկի չափով գումարը տնտեսվարողին վերադարձվում էր կես տարի անց:
«2018-ի մայիսի դրությամբ՝ մենք ունեինք նախկինից կուտակված մոտ 100 միլիարդ դրամի պարտք ԱԱՀ-ի: Առաջին փուլով էականորեն մաշեցրինք այդ գումարը, հաջորդ փոփոխությամբ ցիկլը փոխեցինք եռամսյա ժամկետի: Այն ժամանակ հայտարարեցինք, որ պետք է հասնենք նրան, որ գումարները վերադարձվեն ամենամսյա կտրվածքով: Հիմա արդեն խոստմանը համաձայն՝ վերադառնում ենք ամենամսյա վերադարձի փուլին: Սա տնտեսվարողի համար ի՞նչ է նշանակում: Նախկինում տնտեսվարողը այդ գումարները 6 ամիս, 3 ամիս դե յուրե չէր կարողանում տիրապետել: Հիմա ամեն ամիս վերադարձի ենթակա գումարը կվերադարձվի, և տնտեսվարողների շրջանառու միջոցները կավելանան»,- նշեց վարչապետը: