Սոցփաթեթի շահառուների ցանկը և փաթեթով մատուցվող ծառայությունների ուղղությունները կընդլայնվեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը փոփոխություններ է առաջարկում:
Ժորա Սարգսյան, ԱՍՀՆ Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ - Առաջարկում ենք շահառուների ցանկն ընդլայնել՝ հաշվի առնելով, որ համանման այլ կազմակերպությունների աշխատողներ ստանում են այդ սոցփաթեթը: Մասնավորապես, կան բուհերին կից դպրոցներ, որոնք որպես ավագ դպրոցներ պետք է ունենային այդ իրավունքը, բայց քանի որ չունեին կազմաիրավական ձև, չէին ստանում: Մենք սրանով այդ բացն էլ ենք լրացնում:
Շահառուների ցանկի ընդլայնմամբ՝ սոցփաթեթից օգտվող 147 հազար 500 աշխատակիցների թիվը կավելանա մոտ 900-ով:
Հանգստի ապահովման, հիփոթեքի մարման, ուսման վճարի և առողջապահական ապահովագրման ծառայություններին նախագծով ավելացվում են նոր ուղղություններ: Սոցփաթեթի համար հատկացվող միջոցները շահառուները կկարողանան օգտագործել նաև մարզաառողջարարական, սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար։
Ընդլայնվում է նաև նախագծով սահմանված «ընտանիքի անդամ» հասկացությունը: Գործող կարգավորմամբ՝ ընտանիքի անդամը ամուսինը կամ մինչև 27 տարեկան զավակն է համարվում, իսկ փոփոխություններով տարիքի սահմանափակումը հանվել է:
Ժորա Սարգսյան - Ընտանիքի անդամներն ավելանում են նաև ծնողներով, հոգաբարձու, խնամակալ; Այսինքն՝ հնարավորություն է ընձեռվում գումարը և՛ իրենք օգտագործեն, և՛ հնարավորություն տան ընտանիքի անդամները օգտագործեն:
Սոցփափեթից օգտվելու համար նույնականացման քարտի ներկայացման անհրաժեշտությունը կհանվի: Գործող կարգը շահառուներին հնարավորություն է տալիս իրենց գումարն ուղղել պետական սուբսիդավորմամբ հիփոթեքային վարկի մարմանը: Այս մասով ևս փոփոխություն է նախատեսվում.
Ժորա Սարգսյան - Նախագծով առաջարկում ենք հանել այդ պետական աջակցությամբ մասը և հնարավորություն տրվի ցանկացած հիփոթեքային մարմանը:
Առաջարկվում է նաև աշխատողին հանգստի ծառայությունից օգտվելու հանարավորություն տալ ոչ թե միայն արձակուրդի մեջ գտնվելու ընթացքում, ինչպես գործող կարգով է, այլև ցանկացած ժամանակ: Շահագրգիռ կողմերի կարծիքները լսել ու ամփոփել են: Նախագիծը մոտ օրերս կուղարկվի կառավարություն: