Արագածոտնի մարզպետարանի նախաձեռնությամբ ամբողջովին հիմնանորոգվել է Արագածոտնի մարզի Հացաշենի հիմնական դպրոցի տանիքը, վերանորոգվել են սանհանգույցները, բարելավվել է ջրամատակարարումը: Այս մասին հայտնում է ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը:
«Աշխատանքների ընդհանուր արժեքը 21մլն դրամ է, որը հատկացրել է ՀՀ Արագածոտնի մարզպետարանը՝ ֆինանսական միջոցների նպատակային և բարեխիղճ տնօրինման արդյունքում գոյացած խնայողություններից:
Արդյունքում՝ կոտրտված և կաթկթող ազբոշիֆերից պատրաստված տանիքն ամբողջությամբ փոխարինվել է բոլորովին նոր թիթեղյա տանիքով: Վերանորոգված տանիքի մակերեսը 900քմ է: Վերանորոգվել է 2 սանհանգույց, տեղադրվել են մեկական տոննա տարողությամբ ջրի 2 տարաներ (բաքեր) և պոմպեր, թարմացվել են նորոգման կարիք ունեցող ջրագծերը: Շինարարական աշխատանքների ընթացքում փոխարինվել են նաև երեքական դռներ և պատուհաններ:
Հացաշենի հիմնական դպրոց է հաճախում 44 աշակերտ: 2021թ. ընթացքում ևս խնայված միջոցներից մարզի դպրոցներում շինարարական և գույքի ձեռքբերման ծրագրեր իրականացնելու նպատակով` մարզպետարանի ոլորտային պատասխանատուներին հանձնարարել եմ շարունակել իրականացնել ռեսուրսների արդյունավետ օգտագործման նկատմամբ սահմանված հսկողությունը»,- հայտնել է մարզպետը: