ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական պետական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղը համալրելու մրցույթի թեստավորման հարցաշարը:
Հարցաշարում ներառված են կրթության բնագավառի օրենսդրության (30 տոկոս), ինչպես նաև մանկավարժական, հոգեբանական, ուսումնամեթոդական իմացությունը (70 տոկոս) ստուգող հարցեր:
Հարցաշարը հրապարակվում է ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայքէջում և «Կրթություն» շաբաթաթերթում:
ՀՀ ԿԳՄՍՆ մշակած հարցաշարը կազմված է 200 հարցից: Հավելենք, որ նախկինում ուսուցչի թափուր տեղի մրցույթի հարցաշարը բաղկացած էր 100 հարցից:
Համաձայն ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցութային նոր կարգի` մրցույթը կայանալու է երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Հարցազրույցի փուլի հարցաշարը կազմում են հանրակրթական ուսումնական հաստատությունները: Դրանք բնույթով պետք է լինեն իրավիճակային` ուղղված մասնակիցների մանկավարժական և ուսումնամեթոդական գիտելիքների, կարողությունների ու հմտությունների բացահայտմանը։