Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը մեկնելու է Արաբական Միացյալ Էմիրություններ:
Այսօր՝ մարտի 11-ին, տեղի կունենան ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարներ Արա Այվազյանի և Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի բանակցությունները:
Այս կապակցությամբ ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է հայ-էմիրաթական հարաբերությունների վերաբերյալ համառոտ տեղեկանք:
Հայաստանը կարևորում է Ծոցի երկրների հետ բարձր մակարդակի հարաբերությունների ամրապնդումը և խորացումը, որում Արաբական Միացյալ Էմիրություններն ունի իր ուրույն դերը։ Թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումներով Հայաստանը Էմիրությունները դիտարկում է որպես կարևորագույն կապող օղակ Հայաստանի և Ծոցի արաբական երկրների միջև։ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Արաբական Միացյալ Էմիրությունների հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացմանը, ինչի համար առկա է լուրջ ներուժ։
Երկկողմ հարաբերություններ
Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1998 թ. հունիսի 25-ին` Նյու Յորքում համապատասխան արձանագրության ստորագրմամբ:
Աբու Դաբիում ՀՀ դեսպանությունը հիմնվել է 2000 թ., Երևանում ԱՄԷ դեսպանությունը՝ 2015 թ.։ 2017 թ. Դուբայում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:
2019 թ. մայիսին Երևանում կայացել է Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի առաջին նիստը: Որպես համագործակցության առաջնային ուղղություններ` ընդգծվել են ֆինանսական, առևտրատնտեսական, սննդի անվտանգության և գիտակրթական ոլորտները:
Առևտրատնտեսական համագործակցության առաջնային ոլորտներն են տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, ոսկերչությունը, ադամանդագործությունը, պարենային անվտանգությունը, վերականգնվող էներգիան, զբոսաշրջությունը: Մինչ համավարակով պայմանավորված ճգնաժամը` երկկողմ առևտրաշրջանառությունը մեծ չէր, սակայն արձանագրում էր դրական դինամիկա: 2019 թ. ՀՀ-ից ԱՄԷ արտահանումը կազմել է $57,3 մլն, ներմուծում ԱՄԷ-ից՝ $281,2 մլն, ընդհանուր՝ $338,5 մլն:
2019 թ․ դրությամբ ՀՀ-ում գրանցված է 635 էմիրաթական ընկերություն։
Տնտեսական, մշակութային, զբոսաշրջային և հումանիտար կապերի ամրապնդման տեսանկյունից կարևոր է Աբու Դաբի-Երևան և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթերի իրականացումը:
Երկկողմ համագործակցության զարգացման համար նոր խթան կհանդիսանա ExpoDubai-2020 ցուցահանդեսը: Հայաստանն առաջին երկրներից է, որը հաստատել է իր մասնակցությունն այդ համաշխարհային նշանակության միջոցառմանը։
Հայաստանի և Էմիրությունների միջև ստորագրվել է համագործակցության 31 փաստաթուղթ ներդրումների խրախուսման, կրկնակի հարկումը բացառելու, առևտրատնտեսական, իրավական օգնության, մշակույթի, կրթության և գիտության, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, Արփա-Սևան թունելի վերականգնողական աշխատանքների ֆինանսավորման, օդային հաղորդակցության, մաքսային, անվտանգության բնագավառում համագործակցության և ահաբեկչության դեմ պայքարի և այլ ոլորտներում:
Երկկողմ հարաբերություններում կարևոր տեղ է հատկացվում միջազգային հարթակներում և բազմակողմ ձևաչափերի շրջանակներում համագործակցությանը:
Պայքար COVID-19 համավարակի դեմ
Հայաստանը բարձր է գնահատում ԱՄԷ իշխանությունների կողմից COVID-19 համավարակով պայմանավորված Հայաստանին տրամադրած մարդասիրական օգնությունը. էմիրաթական կողմը շուրջ 7 տոննա աջակցություն է ցուցաբերել Հայաստանին:
Հայ համայնք
Հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների ձևավորման մեջ իր ավանդն ունի Արաբական Միացյալ Էմիրությունների հայկական փոքրաթիվ, բայց ակտիվ համայնքը:
Արաբական Միացյալ Էմիրություններում հայերը սկսել են հաստատվել 1975թ. հետո՝ ներգաղթելով Սիրիայից, Լիբանանից, Իրանից, Եգիպտոսից, Իրաքից, Հայաստանից, Ռուսաստանից, եվրոպական երկրներից, ԱՄՆ-ից և Կանադայից:
1980 թ. կազմավորվել են Շարժա-Դուբայի և Աբու Դաբիի Ազգային վարչությունները: Նույն թվականից սկսել է գործել Շարժայի «Օհանեսյան» կիրակնօրյա հայկական վարժարանը: 1998 թ․-ից գործում է Շարժայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, 2014թ. դեկտեմբերից՝ Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցին: 2016թ. մայիսից Աբու Դաբիում՝ եկեղեցուն կից, գործում է «Արա Խանոյան» կիրակնօրյա դպրոցը:
Ներկայումս ԱՄԷ-ում բնակվում է շուրջ 10 հազար հայ: ԱՄԷ-ում բնակվող հայերի 90 տոկոսը պաշտոնավարում է տարբեր պետական և մասնավոր ձեռնարկություններում և ներգրավված է հիմնականում շինարարական, ճարտարագիտական և տնտեսագիտական ոլորտներում: