Արցախյան պատերազմից հետո հատկապես դեպի Հայաստան ներդրումների հոսքը մեծացնելն այժմ կենսական նշանակություն ունի՝ ասում են Ռուսաստանի հայ գործարարները: Թե՛ Հայաստանում արդեն իր բիզնեսն ունեցողը, թե՛ նրանք, ովքեր պատրաստվում են ներդրումներ կատարել, սպասում են ռիսկերի նվազեցման:
Աշոտ Մկրտչյան, գործարար - Շատ քիչ ժամանակ է դեռ անցել, որ հասկանանք, թե ինչպիսի ֆինանսական միջավայր է, ինչպես է իրեն զգում և ինչ է ուզում ներդրողը: Մենք սպասման մեջ ենք: Նա, ով արդեն ներդրել է, սպասում է դրական փոփոխությունների, իսկ ով պատրաստվում է՝ ակնկալում է ռիսկերի նվազեցում:
Ներդրողին ու տեղի արտահանողին օգնելու, նոր համագործակցային արդյունավետ միջավայր ստեղծելու համար Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամն էկոնոմիկայի նախարարության հետ Մոսկվայում արդյունաբերության և գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչների ու հայ գործարարների հետ քննարկել և հաստատել է առևտրատնտեսական կապերն ընդլայնելու շոշափելի ծրագրեր:
Լևոն Օհանեսյան, Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի գլխավոր տնօրեն - Մեր ռուս գործընկերների հետ ստորագրել ենք համագործակցության հուշագիր, կսկսենք միասին աշխատել, այսինքն՝ Ռուսաստանի արտադրողների շահերը, հարցումները կներկայացնենք և հակառակը: Հանդիպելու ենք նաև խոշոր ռուսական ընկերության հետ, որով հայկական կողմը շատ հետաքրքրված է, հուսով եմ՝ շուտով կունենանք ստորագրված պայմանագիր:
Դրսի ներդրողին օդանավակայանից սկսած ուղեկցում են և օգնում բոլոր հարցերում՝ երկրի մշակույթին ծանոթանալուց մինչև կառավարության անդամների հետ հանդիպումներ, ապրանքի և շուկայի ուսումնասիրություն: Ռուս և հայ գործարար շրջանակների ներկայացուցիչների, անհատ ձեռնարկատերերի և ոլորտի մասնագետների հետ հանդիպմանը ներկայացնում են աջակցության տրամադրման մեխանիզմները:
Արման Խոջոյան, ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ - Հիմնական մեր նպատակն է հասկանալ, թե ինչ մտահոգություններ ունեն մեր ներդրողները և ինչպես կարող ենք ընդլայնել մեր համագործակցության հնարավորությունները, ինչն ամուր հիմք կարող է հանդիսանալ մեր աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար:
Համագործակցելու առաջարկներ արդեն եղել են: Եթե նախկինում գործարարը չգիտեր՝ ինչպես արագ և արդյունավետ լուծեր խնդիրները, ապա արդեն ունի օգնականների մի ողջ խումբ, դա ոգևորում է՝ փաստում են գործարարները:
Աշոտ Մկրտչյան, գործարար - Այսօրվա հանդիպումը ցույց տվեց, որ պետությունը ճիշտ ուղու վրա է, ստեղծվում է հատուկ կառույց, որը կօգնի գործարարին տարբեր երկրներում, ինչը մեզ շատ անհրաժեշտ էր: Ես՝ որպես ներդրող, շատ էի մտածում՝ ինչո՞ւ չկա նման կազմակերպություն, որ մեկն իմ ձեռքը բռներ և լուծեր բոլոր իմ խնդիրներն արագ, արդյունավետ և օպերատիվ: Կարծում եմ խումբը կհաջողի: Մենք էլ պատրաստ ենք զարգացնել մեր երկիրը ու ներդրումենր կատարել ինչ էլ որ լինի:
Օտարերկրյա ուղղակի ներդրումները խթանելու համար անհրաժեշտ է ներքին վճարունակության պահանջարկի աճ՝ ասում է տնտեսագիտության դոկտոր, կորպորատիվ պետության բնօրինակ հայեցակարգի հեղինակ Կարեն Մարգարյանը: Նախևառաջ պետք է աշխուժացնել երկրի ներքին շուկան՝ խրախուսելով ներսի գործարարին, ինչն արդեն գրավիչ կլինի դրսի համար:
Կարեն Մարգարյան, Գլոբալ էկոնոմիկայի ԳՀԻ տնօրեն - Եթե մարդիկ ոչ միայն ցանկություն ունենան գնումներ կատարել երկրում, այլ նաև ունենան դրա նյութական հնարավորությունը, դա թույլ կտա, որպեսզի երկրում առողջանան ներքին ներդրումների ծրագրերը: Ապա արտասահմանյան ուղղակի ներդրումները հոսքով կգան Հայաստան:
Հայկական արտադրանքի արտահանման ծավալները մեծացնելու համար ռուս գործընկերների հետ կնքվել են մի շարք պայմանագրեր: Հայ գործարարները ոչ միայն առկա խոչընդոտները քննարկեցին, այլ նաև արդեն շոշափելի առաջարկներ հնչեցրեցին: Առաջիկայում խոսքից կանցնեն գործի: