Ադրբեջանում գերեվարման ընթացքում Մարալ Նաջարյանն ընտանիքի հետ կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների միջոցով, որոնք նրան պարբերաբար այցելել են, ապա աջակցել հայրենադարձման գործընթացին:
Կառույցի Հայաստանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» տեղեկացրել է՝ պարբերական են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների այցերը Բաքվում պահվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:
«Համագործակցելով միմյանց հետ՝ մեր կազմակերպության ներկայացուցչությունները Բաքվում և Բեյրութում աջակցել են իր հայրենադարձմանը: Ինչ վերաբերում է մյուս անձանց, որոնք պահվում են Ադրբեջանում, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն շարունակում է տեսակցել բոլոր նրանց, ում մասին պաշտոնական հաստատում է ստացել իշխանությունների կողմից, սակայն վիճակագրական կամ բովանդակային տեղեկություն փոխանցել չեմ կարող»,- տեղեկացրել է Ամատունին:
Նա նաև հայտնել է, որ ցանկացած տեսակցությունից հետո իրենք կապ են հաստատում տվյալ մարդու հարազատների հետ և հաղորդում պատկան մարմիններին իրենց տեսակցությունների մասին: