Կառավարությունը հավանություն տվեց «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն համաձայնություն տալու մասին որոշման նախագծին:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ նախագծով առաջարկվում է համաձայնություն տալ Երևանի Շինարարների փողոցի 23/9 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող 0.02 հա մակերեսով հողամասը բազմաբնակարան բնակելի շենք կառուցելու նպատակով «ՋիԷմ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին ուղղակի վաճառքի ձևով օտարելուն և հավանություն տալ ընկերության կողմից ներկայացված ներդրումային սոցիալական ծրագրին:
«Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով, կառուցվելու է երկու բազմաբնակարան շենք: Առաջին փուլում ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Շինարարների փողոցի 23/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել մոտ 2000 քմ մակերեսով բնակելի տարածք՝ Շինարարների փողոցի 23 հասցեում բնակվող 3-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով: Այս փուլում նախատեսվում է կառուցել 11556 քմ ընդհանուր մակերեսով 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկ ունեցող բազմաբնակարան բնակելի շենք, որն ունենալու է 94 բնակարան և 22 ստորգետնյա ավտոկայանատեղի»,- ասաց նախարարը:
Երկրորդ փուլում կապամոնտաժվի Շինարարների փողոցի 23 հասցեում գտնվող 3-րդ կարգի վթարային շենքը, և տեղում կկառուցվի 16408 քմ մակերեսով 18 վերգետնյա և 2 ստորգետնյա հարկ ունեցող բազմաբնակարան բնակելի շենք:
Պապիկյանը նշեց՝ ծրագիրը կարևոր է Երևանի բնակֆոնդը թարմացնելու համար:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց՝ նշելով, որ Երևանում և հանրապետությունում կան բազմաթիվ շենքեր, որոնք խորհրդային տարիներին կառուցվել են պետական միջոցներով: «Այդ շենքերը, բնակարաններ այժմ քաղաքացիների սեփականությունն են, քաղաքացիներն ակնկալում են, որ պետությունը որևէ ձևով աջակցի, որ իրենք վթարայինի փոխարեն ունենան նորմալ բնակֆոնդ: Բնականաբար, պետությունն այսօրվա պայմաններում, այսօրվա տրամաբանության մեջ չի կարող այդ ծավալի բնակարանաշինություն իրականացնել: Հետևաբար, գաղափարը կայանում է հետևյալում. սկսել Երևանից՝ տրամաբանությամբ, որ շինարարական ներդրումային հետաքրքրություն ունեցող տարածքներում գտնվող վթարային շենքերի տարածքները կառուցապատման համար հատկացնել ներդրողին պայմանով, որ նա կապահովի քաղաքացիների ժամանակավոր տեղափոխումն այլ բնակելի տարածք, տեղում նոր շենք կառուցելուց հետո նախկինում այդ տարածքում բնակված ընտանիքներին հատկացնի նոր բնակարաններ: Թվում է՝ շատ պարզ մեխանիզմ է, բայց իրականում այն ունի բազմաթիվ բարդություններ»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ հիմա գործարկվել է մեխանիզմ, որի առաջին փուլում Երևանի վթարային շենքերի խնդիրը կլուծվի: «Հույս ունենք՝ զարգացումները կբերեն նրան, որ մարզերում կունենանք նման ծրագրեր»,- ասաց նա: