Հայաստանում արդյունաբերական կանեփ աճեցնելու կառավարության ծրագիրն ընդունվելուց շատ չանցած՝ արտասահմանից արդեն ներդրումների առաջարկներ կան։
Վարսիկ Մարտիրոսյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալ) - Մասնավորապես արտասահմանում կան հայեր, որոնք տվյալ բիզնեսը իրականացնում են և բավականին հաջողել են, նրանք պատրաստ են ամբողջ ներդրումները իրականացնել, միայն անհրաժեշտ է համապատասխան օրենսդրական դաշտ լինի։
Օրենսդրական փոփոխություններն ու վերահսկման խիստ պայմանները միջգերատեսչական հանձնաժողովում քննարկել են։ Արդյունաբերական կանեփը, որն աշխարհում անվանում են հեմփ, բացարձակ կապ չունի թմրաներգործող կանեփի հետ՝ ասում է էկոնոմիկայի նախարարության պատասխանատուն։
Վարսիկ Մարտիրոսյան - Հոգեներգործուն նյութը, որը առկա է կանեփի մեջ, տետրահիդրոկանաբինոլն է։ Արտադրական կանեփի մեջ տետրահիդրոկանաբինոլի պարունակությունը յուրաքանչյուր երկրում սահմանված քանակություն է թույլատրված՝ 0,2 կամ 0,3 տոկոս, դրանից ավելի տետրահիդրոկանաբինոլ պարունակող կանեփ չի մշակվում։
Արդյունաբերական կանեփ արտադրում է 47 երկիր։ Կանեփի տարբեր տեսակներից ստացվում է կանաբիդոլ յուղ, շինանյութ, թել, սննդային ձեթ։ Բոլոր տեսակների մեջ տետրահիդրոկանաբինոլ հոգեներգործուն նյութի տոկոսը ցածր է: Արդյունաբերական կանեփը համարվում է անթափոն, բարձրարժեք մշակաբույս, այն ունի նաև բնապահպանական նշանակություն։ Մշակաբույսը հիմնականում աճեցնում են այն երկրներում, որտեղ հողերն աղտոտված են:
Նախատեսված է, որ Հայաստանում արդյունաբերական կանեփի ցանքատարածքներ կարող են լինել լեռնային և նախալեռնային գոտիներում։ Ամեն ֆերմեր չի կարող արդյունաբերական կանեփ ցանել: Ով կզբաղվի մշակաբույսի աճեցմամբ, նա էլ կկազմակերպի վերջնական արտադրանքի վերամշակումը։ Պարտադիր է հավաստագիրը։ Այս տարի գիտաարտադրական նպատակով հեմփի սերմերը նախ կցանեն ջերմոցային պայմաններում։