Կաննի կինոփառատոնում պաշտոնապես ընտրվելուց 11 ամիս անց վերջապես «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը ներկայացվում է երևանյան կինոսիրողների գնահատմանը: Եվրոպական ամենախստապահանջ փառատոնի ընտրությունը կինոնկարի տարածման ու դիստրիբյուցիայի մեծ հնարավորություններ էր ստեղծում՝ ցուցադրություններ, մամուլի ասուլիսներ, հանդիպումներ: Ֆիլմի փարիզյան պրեմիերան սեպտեմբերի 26-ին էր, հաջորդ օրն սկսվեց պատերազմը:
Հայ-ֆրանս-բելգիական Ֆիլմը համարտադրության հրաշալի օրինակ է: Երբ կինոնախագիծը պետք է ներկայացվեր համարտադրության եվրոպական ամենախոշոր ֆոնդին՝ «Եվրիմաժին», Հայաստանի ազգային կինոկենտրոնն իր ֆինանսավորմամբ կրկնապատկեց նախագծի հաղթելու հնարավորությունը:
Ամբողջ կինոպատումի ընթացքում պատերազմի անտեսանելի ներկայությունը ֆիլմում բնականորեն կապվում է ֆիլմի սյուժեին, սա պատմություն է պարզ մարդկային իրավունքի ու խենթ երազանքի մասին, որ մի օր անպայման իրականություն է դառնալու: Աշխատանքի բերումով Արցախում հայտնված ֆրանսիացուն կերպավորած Գրեգուար Քոլինը ֆիլմն իր համար նաև խիստ անձնական պատմություն է գնահատում՝ արցախյան հայտնությունների հետ նաև ինքն իրեն գտնելու ճանապարհ:
Գրեգուար Քոլին, «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի գլխավոր դերակատար - Սա ինձ համար մեծ ճամփորդություն էր: Բանաստեղծներից մեկն ասում էր, որ ճամփորդությունը ճանապարհ է դեպի քեզ: Ես դա հասկացա, երբ եկա Արցախ: Իսկապես յուրահատուկ ճամփորդություն էր,որի շնորհիվ բացահայտեցի երկրային դրախտը՝ Արցախը:
Եվրոպացու հայացքով բացահայտվող անկախ Արցախի մասին ֆիլմի հաջողությունը նախ «Եվրիմաժում», ապա նաև Կաննում պարզապես հիստերիայի է հասցրել Ադրբեջանին, որն արել է ամենը՝ ֆիլմի հաջողությանը խանգարելու համար:
Ես փորձել եմ ոչ քաղաքական ֆիլմ նկարել՝ փաստում է Նորա Մարտիրոսյանը: Եվ խիստ խորհրդանշական է համարում փոքրիկ հերոսի կերպարը, որն ամեն օր տաժանակիր կերպով ջուր է վաճառում, որ վաճառքից փրկի իրեն ժառանգված հողը: Եվ հենց նրա երազկոտ հայացքում է թռիչքի համար բացվում Արցախի օդանավակայնի փակ թռիչքուղին: