Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 11-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերձած պատերազմի ընթացքում բռնազավթված՝ Ասկերանի շրջանի համայնքների ղեկավարների մասնակցությամբ:
Քննարկվել են բնակիչների՝ այլ վայրերում գյուղ առ գյուղ ժամանակավոր վերաբնակեցմանն առնչվող հարցեր: «Տեղահանված քաղաքացիների բնակարանային խնդիրները լուծելով՝ Արցախի Հանրապետությունը ամենևին չի հրաժարվում Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից: Մարդկանց հումանիտար խնդիրների լուծումը մի հարթությունում է, նրանց պապական օջախների վերադարձի հարցը՝ այլ»,- ընդգծել է նախագահ Հարությունյանը:
Ապագա նոր բնակավայրերի մի մասի վայրերը բռնագաղթված համայնքների բնակիչների կողմից արդեն որոշված են, և պետական լիազոր մարմնի միջոցով նախագծողները կազմում են հատակագծերը: Որոշ վայրերում նաև հողային աշխատանքներն են սկսվել: Նախագահը աշխատանքների ակտիվացման և որոշ հարցերի ճշգրտման համար նիստին մասնակից պաշտոնյաներին հանձնարարականներ է տվել:
Հանդիպմանը մասնակցել են նաև տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Կարեն Շահրամանյանը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավար Արմեն Ղահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք: